Հայաստանն ու Հնդկաստանը 2025 թվականի ընթացքում ընդլայնել են երկկողմ համագործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում։ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ NEWS.am–ը զրուցել է խորացող հարաբերություններից, այն ոլորտներից, որոնց չիրագործված ներուժ կա։
Ժամանակակից Հնդկաստան. արագ զարգացող խոշոր տնտեսություն եւ ՏՏ գերտերություն
Հնդկաստանը գլոբալ խաղացող է եւ մի շարք խոշոր միջազգային նախաձեռնությունների ու դաշինքների նախաձեռնող եւ ակտիվ մասնակից։ Այն ներկայումս աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն է, առաջատար դիրք ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաեւ կարեւոր դեր է խաղում դեղագործության, նորարարությունների եւ թվայնացման ուղղություններով։ Վերջին տարիներին Հնդկաստանը հանդես է գալիս որպես արագ զարգացող տնտեսություն՝ ընդլայնելով իր ազդեցությունը տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում։
«Ժամանակակից Հնդկաստանը շատ տարբեր է այն Հնդկաստանից, որի վերաբերյալ պատկերացումը Հայաստանի ժողովուրդը ձեւավորել է դեռ մանկության տարիներից դիտած ֆիլմերի միջոցով։ Հնդկաստանը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Կարծում եմ՝ մարդիկ դրա մասին լիովին տեղյակ չեն։ Ամենակարեւորը, որը Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, այն է, որ մենք այսօր աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկն ենք։ Բացի այդ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների գերտերություն ենք, ունենք հսկայական կարողություններ դեղագործության ոլորտում։ Ես կցանկանայի, որ հայերն ավելի տեղեկացված լինեին, թե ինչպես ենք մենք կարողանում մեր ավանդույթները համադրել առաջխաղացման հետ եւ լինել աշխարհի առաջատար երկրներից մեկը»։
Ընդլայնվող երկկողմ հարաբերություններ
Միայն 2025 թվականին Հնդկաստան են այցելել Հայաստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարները։
«Վերջին մի քանի տարիներին, հատկապես 2021 թվականից սկսած, երբ մեր արտաքին գործերի նախարար դոկտոր Ջայշանկարը այցելեց Հայաստան, այդ պահից ի վեր մենք տեսնում ենք շատ կանոնավոր փոխայցելություններ։ Գրեթե ամեն ամիս կամ երկու ամիսը մեկ տեղի են ունենում նախարարական կամ փոխնախարարական մակարդակի այցեր։
Այսպիսով, բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացել են եւ դարձել ավելի բազմազան։ Սակայն, եթե պետք է առանձնացնեմ մի բան վերջին տարիներից՝ Հնդկաստանի տեսանկյունից, ապա կասեմ, որ կարեւոր է այն փաստը, որ Հայաստանը միացել է միջազգային այն դաշինքներին, որոնք հիմնադրել է Հնդկաստանը եւ որոնք առաջնորդում է՝ հանուն աշխարհի ապագայի, ընդհանուր շահի։ Դրանք միտված են մեր երկրների բարեկեցությանն ու զարգացմանը եւ նրան, թե ինչպես կարող ենք համագործակցել, միավորել մեր ռեսուրսները եւ կառուցել ավելի լավ ապագա»։
Ինչպե՞ս կարող են Հնդկաստան–Հայաստան հարաբերությունները շահել Թրամփի ուղու շահագործումից
Թրամփի ուղի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի տարածքով՝ Սյունիքով կապ ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ, կարող է փոխել տարածաշրջանային կապակցվածության պատկերը։ Ի՞նչպես կարող է այն օգուտ բերել Հայաստան–Հնդկաստան հարաբերություններին։ Դեսպանն ասում է՝ ավելի մեծ կապակցվածությունն ապահովում է ավելի մեծ բարեկեցություն։
«Ինչպես գիտեք, օգոստոսի 8-ին, երբ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց եւ Վաշինգտոնում ստորագրվեց համատեղ հայտարարությունը, առաջին համաշխարհային առաջնորդներից մեկը, որից շնորհավորանք հնչեց, դա մեր արտաքին գործերի նախարար դոկտոր Ջայշանկարն էր։ Օգոստոսի 9-ին նա կապ հաստատեց իր գործընկերոջ՝ արտգործնախարար պարոն Արարատ Միրզոյանի հետ եւ շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը։
Մեր տեսանկյունից՝ ավելի մեծ կապակցվածությունը ապահովում է ավելի մեծ բարեկեցություն։ Հնդկաստանը միշտ հանդես է եկել երկխոսության եւ բանակցությունների միջոցով խաղաղության օգտին։ Մենք կցանկանայինք այս տարածաշրջանում խաղաղություն տեսնել, որովհետեւ խաղաղությունը նշանակում է բարեկեցություն բոլորի համար՝ բոլոր երկրների եւ բոլոր ժողովուրդների համար»։
Հյուսիս–հարավ միջանցքը՝ տարածաշրջանային խոշոր նախագծերից
Տարածաշրջանային խոշոր նախագծերից է Հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքը, որին, թեեւ մասնակցություն ունի նաեւ Հայաստանը, սակայն ենթակառուցվածքների բացակայությունը դժվարացնում է Հայաստանի ներգրավվածությունը։ Փոխարենը այդ ծրագրին այժմ ակտիվ մասնակցում է Ադրբեջանը։ Հնդկաստանի համար, այնուամենայնիվ, հաշվի առնելով Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը, Հայաստանն առավել վստահելի գործընկեր է նաեւ այս առումով եւ Հայաստանի միջոցով հյուսիսի հետ կապվելը Նյու Դելիի համար շատ ավելի ձեռնտու տարբերակ է։ Անդրադառնալով այս միջանցքին՝ դեսպանը հիշատակում է, որ Հայաստանը օգտվում է իրանական Չաբահար նավահանգստից, որի շահագործման 10 տարվա լիցենզիա ունի Հնդկաստանը։
«Հայաստանը Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք ծրագրի անդամ է։ Հնդկաստանը ղեկավարում է իրանական Չաբահար նավահանգիստը․ մենք այնտեղ ներդրումներ ենք կատարել եւ առաջիկա 10 տարիներին այն շահագործելու լիցենզիա ունենք։
Կարծում եմ՝ այն Հայաստանին կապակցվածության եւս մեկ հնարավորություն է տալիս։ Մենք հստակ տեսնում ենք, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Չաբահար նավահանգստից օգտվելու առումով։
Բացի այդ, գոյություն ունի եռակողմ խորհրդակցական հարթակ Հնդկաստանի, Հայաստանի եւ Իրանի միջեւ, եւ բավական կանոնավոր հանդիպումներ են տեղի ունենում։ Արդեն երեք հանդիպում է անցկացվել։ Սա այն հարթակն է, որտեղ երեք երկրները քննարկում են, թե ինչպես զարգացնել կապակցվածությունը՝ բարեկեցություն ապահովելով երեք երկրների համար»։
Համագործակցությունը՝ պաշտպանական ոլորտում
Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կտրուկ խորացրել են հարաբերությունները պաշտպանական ոլորտում։ Հնդկական մամուլն անգամ գրում է՝ Հնդկաստանը հավակնում է դառնալ Հայաստանի գլխավոր զենքի մատակարարը։
Դեսպանն առանձնացնում է ոչ միայն ռազմաարդյունաբերական համագործակցությունը, այլեւ ընդգծում՝ վերջին տարիներին մեծացել է Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների թիվը, որոնք վերապատրաստում են անցնում Հնդկաստանի տարբեր պաշտպանական հաստատություններում։
«Այս ուղղությամբ համագործակցությունը շատ լավ է զարգանում եւ շարունակաբար ամրապնդվում։ Սա այն ոլորտներից մեկն է, որի վրա երկու կողմերն էլ մշտապես աշխատում են։ Առաջիկայում մենք դիտարկում ենք պաշտպանական համագործակցությունը հաջորդ մակարդակ տեղափոխելու հնարավորությունը։ Անցյած նոյեմբերին Երեւանում անցկացվեց պաշտպանական արդյունաբերության սեմինար, եւ այժմ քննարկվում է համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը, որպեսզի որոշ արտադրություն իրականացվի տեղում՝ հաշվի առնելով տեխնիկայի մատակարարման հետ կապված լոգիստիկ դժվարությունները»։
Աճող, բայց եղած ներուժին մեծապես զիջող տնտեսական համագործակցություն
«Հնդկաստանի վարած վիճակագրության համաձայն՝ 2023–2024 թվականներին երկկողմ առեւտրի ծավալը կազմել է մոտ 131 միլիոն դոլար, իսկ 2024–2025 թվականներին այն գրեթե եռապատկվել է՝ հասնելով ավելի քան 315 միլիոն դոլարի։ Այսինքն՝ առաջընթաց կա, սակայն, այն զգալիորեն զիջում է եղած ներուժին։
Երկու կառավարություններն էլ աշխատում են այս ուղղությամբ, եւ առեւտրային կապերը զարգացնելու եղանակներից մեկը հաճախակի գործարար ֆորումների կազմակերպումն է։ Այս տարի արդեն անցկացրել ենք երկու նման միջոցառում եւ պլանավորում ենք եւս մի քանիսը։
Մենք նաեւ կենտրոնանում ենք որոշակի ոլորտների վրա, օրինակ՝ դեղագործություն, տուրիզմ։ Բացի այդ՝ մասնակցում ենք միմյանց ցուցահանդեսներին։ Կարծում եմ՝ Հայաստանը շատ ուժեղ է որոշ նիշային արտադրանքների մեջ․ օրինակ՝ ձեր կաշվե արտադրանքը շատ որակյալ է, ինչպես նաեւ դուք մեծ վարպետություն ունեք փայտե արտադրանքի ոլորտում։
Այնպես որ կան արտադրանքներ, որոնք կարելի է ներկայացնել հնդկական հանրությանը։ Այդ հարցում կարող է դեր ունենալ ձեր դեսպանությունը՝ ավելի մեծ թվով տեղեկատվական նախաձեռնություններ կազմակերպելով»։
Հայաստանը՝ որպես դարպաս դեպի ԵԱՏՄ շուկա
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը նշանակում է, որ Հայաստանը մեզ համար դարպաս է դեպի ԵԱՏՄ շուկա։ Հնդկաստանը ներկայումս բանակցում է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, եւ երբ այն ավարտվի, Հայաստանի դերը էլ ավելի կմեծանա»։
ՏՏ ոլորտում համագործակցությունը՝ երկկողմ օրակարգում
2023 թվականի հունիսին Հայաստանը հանրային ոլորտում թվային ենթակառուցվածքների ներդրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստարգրեց Հնդկաստանի հետ։
«Ինչպես գիտեք, թվայնացումը Հնդկաստանում շատ մեծ տեղ ունի, եւ մեր կառավարման համակարգը մեծապես իրականացվում է թվային գործիքների միջոցով։ Մենք ունենք բազմաթիվ հարթակներ, որոնք առաջարկում ենք Հայաստանին, եւ ներկայումս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դիտարկում է, թե դրանցից որոնք կարող են կիրառվել։
Բացի այդ, անցյալ ամիս համաձայնագիր է ստորագրվել հայկական ARCA վճարային համակարգի եւ Հնդկաստանի Ազգային վճարային կորպորացիայի միջեւ։ Մոտ մեկ տարվա ընթացքում մենք կկարողանանք ապահովել վճարային համակարգերի սահուն գործարկումը երկու երկրների միջեւ։
Բայց համագործակցությունը դրանով չի սահմանափակվում։ Բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում նույնպես մեծ հնարավորություններ կան։ Հնդկաստանը, օրինակ, 2026 թվականի փետրվարին կազմակերպելու է Արհեստական բանականության ազդեցության վերաբերյալ համաժողովը։
Մենք Հայաստանից մեծ մասնակցություն ենք ակնկալում։ Բանն այն է, որ հայկական ընկերությունները պետք է կարողանան գրավել հնդկական խոշոր ընկերությունների ուշադրությունը»։
Գայանե Ալեքսանյան











