Մենք կարևոր ծրագրեր ունենք գյուղատնտեսության բնագավառի համար։ Այս մասին Հրազդան քաղաքում գրասնեյակի բացման արարողության ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Նախ պետության վրա պետք է լինի գյուղմթերքի իրացման շուկաները մարդկանց համար երաշխավորելու հարցը։ Գյուղացին չպետք է տանջվի, չարչարվի, մշակի հողը, հլը մի հատ էլ գնա իրացման շուկաներ փորձի գտնել։ Անգամ ռիսկը ինքն է կրում, մի հատ էլ մուննաթի տակ է ընկնում, մի հատ էլ չի կարողանում ծախսերի հատուցում ստանալ, հետո էլ ընկնում է այս ու այն պետական մարմնի դուռը, մարդուն սարքում են բողոքական և հետո էլ անում են կպցնում, թե խնդիրները չեն թողնում, որ լուծվի։

Պարտադիր պետք է պետությունը երաշխավորի գյուղմթերքի նվազագույն գներ և այո, պետք է ապահովի դրա պակասի լրացումը, որը հնարավորություն կտա մարդուն ունենալ կանխատեսելիություն։

Սրանով հանդերձ, մենք պետք է ունենանք գիտելիքահեն, գիտահեն տնտեսություն։ Գյուղացին նույնպես պետք է այդ հնարավորությունը ունենա, ոչ մենք պետք է ապավինենք մեր պապական մեթոդներին, ինչը կարևոր է։ Բայց մենք պետք է գիտականորեն հիմնավորված աշխատենք բոլորով, որպեսզի իսկապես կարողանանք արդյունք ստանալ»,–ասաց նա։

Թաթոյանն անդրադարձավ նաև կենսաթոշակների խնդրին. ««Տպավորություն է, ոնց որ ողորմություն լինի, որ տալիս են։ Անընդհատ քաղաքական ուժերը գալիս են, մարդկանց խոսք են տալիս, 10 դրամ կբարձրացնեմ, 5 դրամ կբարձրացնեմ և այլն։ Անընդհատ տպավորություն է, թե սակարկություններ են անում։ Այդպես չպիտի լինի, մեր ավագ սերունդը, որը վաստակ ունի, ով իր տարիները տվել է այս պետությանը, իրավունք ունի արժանապատիվ վայելելու այն տարիները, որը գալու են իր կենսաթոշակային տարիքից հետո, բայց մենք դա արդեն կոչելու ենք բոլորովին այլ կերպ, մարդը պետք է հասանելիություն ունենա բոլոր ծառայություններին։

Մենք պետք է հույսներս դնենք մեր վրա, սխալ է այն տրամաբանությունը միշտ եղել, որ մենք ինչ-որ տեղեր հովանավորներ ենք փնտրում, դա ճիշտ չէ, ինչ-որ մի հովանավոր մեզ անընդհատ իր շահերի համար զոհաբերելու է։ Այն, որ ասում է՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի և ուրիշին էլ անուն մի կպցնու։ Մենք պետք է հասկանանք, որ ամեն մի պետություն, ամեն մեկը ունի իր շահերը, իր հարցերը, և պետք է հասկանանք, թե որոնք են մեր շահերը։ Մենք ունենք սփյուռք, հզոր մարդիկ, միասին պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մենք իրականում պետք է վերացնենք այդ բարեգործություն ասվածը, որքան էլ որ մեծագույն հարգանքով մեր սփյուռքահայերի նկատմամբ, մենք իրար չպետք է նայենք որպես տիրություն անող, պատրոնաժ և այլն, պետք է լինենք գործընկերներ։

Պետք է շատ ներդրումներ լինեն Հայաստանում, այո, և մեր սփյուռքահայերը պետք է գան Հայաստան, ներդրումներ անեն, իրենց եկամուտը ստանան։ Դրանից բացի նաև պետք է նպաստենք բոլորով մեր երկրի զարգացմանը, մենք ունենք այդ հնարավորությունը»,– հայտարարեց Թաթոյանը։