Շվեյցարական Provuu ապրանքանիշը ներկայացրել է անբարենպաստ եղանակային պայմաններում դահուկորդների և սնոուբորդիստների հիմնական խնդիրներից մեկի՝ վատ տեսանելիության լուծումը: Այս Provuu XR ակնոցը նախատեսված է ոչ միայն բացօթյա սպորտի սիրահարների, այլև պրոֆեսիոնալ մարզիչների, ուղեկցորդների և լեռնային փրկարարների համար:
Նոր արտադրանքի հիմնական առանձնահատկությունը View-XR լրացված իրականության տեխնոլոգիայի աջակցությունն է, որն օգտագործում է երկու 1080p տեսախցիկներ: Տեխկուլտի տվյալներով՝ դրանք պատկերները փոխանցում են ակնոցի ներսում ինտեգրված էկրաններին: Համակարգը ճշգրտորեն ֆիքսում է լանդշաֆտի մանր մանրամասները, որոնք անտեսանելի են մնում անզեն աչքի համար, մինչդեռ տեսանյութի մշակումը կատարվում է 30 միլիվայրկյան ձգձգմամբ, ինչը զգալիորեն ցածր է մարդկային ընկալման շեմից: Մշակողների բնորոշմամբ՝ դա 75%-ով մեծացնում է պատկերի հակադրությունը և հնգապատիկ ընդլայնում տեսողական տիրույթը՝ հեշտացնելով թաքնված խոչընդոտների հայտնաբերումը:
View-XR գործառույթը կարող է անջատվել ժապավենի վրայի կոճակի միջոցով՝ ակնոցը վերածելով արևոտ օրերի համար նախատեսված ստանդարտ օպտիկայի: Ներկառուցված էկրանների պատճառով մոդելը համատեղելի չէ տեսողությունը կանոնավորող ակնոցի հետ: Մարտկոցը հանվող է, ինչը հնարավորություն է տալիս այն պահել գրպանում՝ ցրտից և հարվածներից պաշտպանվելու համար: Սարքը փորձարկվել է ծայրահեղ պայմաններում և դրական արձագանքներ է ստացել օլիմպիական չեմպիոններից և շվեյցարական բանակի ուղեկցորդներից: Մարտկոցի աշխատանքային ժամանակն, ըստ ստեղծողների, շուրջ չորս ժամ է, բավարար է դահուկավազքի ստանդարտ օրվա համար: Ամբողջոկան լիցքավորումը տևում է մոտ 60 րոպե:
Provuu-ի ֆունկցիոնալությունը դիտավորյալ սահմանափակված է: Մշակողները միտումնավոր խուսափել են Wi-Fi-ից, գիշերային ռեժիմից կամ հետևման համակարգերից՝ օգտատիրոջ ուշադրությունը շեղելուց խուսափելու համար: Լրացուցիչ գործառույթը հիշողության քարտի վրա տեսաձայնագրումն է, որն ակնոցը վերածում է էքշն տեսախցիկի: Ներկայում արտադրանքը հասանելի է միայն Kickstarter-ում աջակիցների համար: Ակնոցը ստանալու նվազագույն վճարը մոտավորապես 558 դոլար է: Նախնական պատվերները ներդրողներին կուղարկվեն 2026 թվականի աշնանը, իսկ մանրածախ վաճառքը նախատեսվում է սկսել նաև դահուկային հանգստավայրերի մոտակայքում:



























