ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հրավիրել է Եվրամիությանը մասնակցելու Ռուսաստանի Դաշնության դեմ ՀՀ տարածքում պրոքսի-պատերազմի։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու, ՀԱԿ վարչության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
«Ես ՀՀ կառավարության այս կոչին չափազանց բացասաբար եմ վերաբերվում։ Այն փաստացի պրոքսի-պատերազմի հրավեր է։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հրավիրում է ԵՄ-ին եւ Ռուսաստանին շարունակել պայքարն ու պատերազմը ՀՀ տարածքում։ Ավելի վատ բան դժվար է պատկերացնել», ասել է Զուրաբյանը։
Ըստ նրա՝ նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է երկրի կայունության համար։
Ընդդիմադիրն ընդգծել է, որ Հայաստանը, ընդհակառակը, պետք է կամրջի դեր խաղա՝ զարգացնելով համագործակցությունը ե՛ւ Եվրամիության, ե՛ւ Ռուսաստանի հետ։
Նա նաեւ կասկածի տակ է դրել իշխանությունների պնդումները Ռուսաստանի կողմից վարվող «հիբրիդային պատերազմի» մասին՝ ենթադրելով, որ այս թեզը կարող է օգտագործվել միայն իշխանությունը պահպանելու համար։ «Նրանք ասում են. ով աջակցում է Փաշինյանին, պաշտպանում է ինքնիշխանությունը, իսկ ով դեմ է նրան, Ռուսաստանի, Պուտինի եւ ԱԴԾ գործակալ է»,- նշել է քաղաքական գործիչը։ Զուրաբյանն այս մոտեցումը որակել է հանցավոր եւ դավաճանությանը սահմանակից՝ այն համարելով արտաքին ուժերին ուղղված հրավեր՝ միջամտելու երկրի ներքին գործերին եւ գործընթացներին։
«Եթե իշխանությունները կարծում են, որ միջամտություն կա, ապա նրանք պետք է ապացույցներ ներկայացնեն եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։
Նա նաեւ քննադատել է անհիմն մեղադրանքներ տարածելու պրակտիկան՝ համեմատելով այն ստալինյան շրջանի բռնաճնշումների մեթոդների հետ։



























