ԱԴԾ աշխատակիցները Ստավրոպոլում ձերբակալել են Կրասնոդարի երկրամասի 18-ամյա բնակչուհու, որը, Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հրահանգով, պլանավորում էր ահաբեկչական հարձակում զինծառայողի դեմ, հաղորդել է «Коммерсант»-ը»։

Քննիչների տվյալներով՝ 2007թ․ ծնված կինը պլանավորել էր պայթեցնել զինծառայողի մեքենան։ ԱԴԾ-ն հայտնել է, որ նա հայտնվել է հեռախոսային խաբեբաների ազդեցության տակ, որոնք նրան համոզել են կատարել հանցագործությունը քրեական հետապնդման կեղծ սպառնալիքով։

Գործի նյութերի համաձայն՝ կասկածյալը մտադիր էր օգտագործել 400 գրամ տրոտիլի հզորությամբ ինքնաշեն ռումբ։ Պայթուցիկ սարքը պետք է ամրացվեր զորամասի մոտ կայանված մեքենային։

Փաստով հարուցվել է քրեական գործ ահաբեկչության պատրաստման, պայթուցիկ նյութերի անօրինական պատրաստման եւ պայթուցիկ սարքերի անօրինական պահման հոդվածներով։

ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին զգոն լինել։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում որոնում են ահաբեկչական հարձակումների եւ դիվերսիաների հավանական կատարողների։

Հոկտեմբերին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել էին մի տղամարդու, որը Ստավրոպոլի ավտոբուսի կանգառում թողել էր պայթուցիկ նյութերով լի մանկասայլակ։ Միջադեպի հետեւանքով տեղի բնակչուհին ոտքերի վնասվածք էր ստացել։