ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել շարունակել Ուկրաինայի աջակցությունը: Deutsche Presse-Agentur-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ուժեղ Ուկրաինան և դաշինքի երկրների պաշտպանական ծախսերի ավելացումը Կրեմլի կողմից սրացումը կանխելու լավագույն միջոցն են: Ըստ Ռյուտենի՝ եթե այդ պայմանները բավարարվեն, Վլադիմիր Պուտինը «երբեք ռիսկի չի դիմի» հարձակվել ՆԱՏՕ-ի անդամների վրա:
Ռյուտեն հիշեցրել է, որ ռազմական բյուջեների ավելացման քաղաքականությունն արդեն համաձայնեցված էր Հաագայում դաշինքի գագաթնաժողովում, գրում է Bild-ը:
«Եթե մենք անենք այդ երկու քայլերը, մենք բավականաչափ ուժեղ կլինենք պաշտպանվելու համար, և Պուտինը երբեք չի փորձի հարձակվել»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ անդրադառնալով Կիևին տրամադրվող օգնության և պաշտպանական ծախսերի ավելացման համադրությանը:
Միևնույն ժամանակ, Ռյուտեն հրապարակավ անհամաձայնություն է հայտնել Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ, որն ավելի վաղ խոսել էր «Եվրոպական ՆԱՏՕ» ստեղծելու անհրաժեշտության մասին, եթե պարզվի, որ ԱՄՆ-ն անվստահելի գործընկեր է:
«Ես բացարձակապես համոզված եմ, որ ԱՄՆ-ը լիովին նվիրված է ՆԱՏՕ-ին։ Դրանում կասկած չկա»,- հայտարարել է Ռյուտեն։



























