Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություն «Ազգային անվտանգության արխիվն» իր կայքում հրապարակել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև 2001, 2005 և 2008 թվականներին տեղի ունեցած զրույցների երեք գաղտնազերծված սղագրություն, հաղորդում է BBC-ն։
Սղագրություններից դատելով՝ երկու առաջնորդներն էլ շատ բարյացակամ են եղել միմյանց նկատմամբ և ցույց են տվել Ռուսաստանի և Արևմուտքի միջև լավ հարաբերություններ պահպանելու իրենց մտադրությունը։
Հանդիպման սկզբում Բուշը Պուտինին հրավիրել է Թեքսի իր ագարակ, Ռուսաստանի առաջնորդին ասել է, որ ինքը «չի ցանկանում նվազեցնել Ռուսաստանի դերը» և վստահեցրել է նրան, որ «ուժեղ Ռուսաստանը ԱՄՆ շահերից է բխում»։
Ի պատասխան՝ Ռուսաստանի առաջնորդը հարաբերություններում ազնվության կոչ է արել և նշել. «Ես ժողովրդականություն եմ վայելում Ռուսաստանում, և կարող եմ ասել, թե ինչու. որովհետև լսում եմ ժողովրդին»։ [Սղագրության մեջ Պուտինի բոլոր մեջբերումներն անգլերեն են- խմբ.]
«Ռուսաստանում մարդիկ զգում են, որ իրենց հիասթափեցրել են լայնածավալ փոփոխությունները, որոնք իրենց ավելի շատ ազատություն բերեցին, սակայն նրանք չեն կարողանում դրանից օգտվել»,- հավելել է Պուտինը։
Դրանից անմիջապես հետո Կրեմլի առաջնորդը հանկարծակի անդրադարձել է պատմական և տարածքային հարցերին։
Դատելով վերծանումից՝ դա զգալիորեն անհանգստացրել էր Ռուսաստանի առաջնորդին արդեն իր նախագահության առաջին տարիներին։ Ինչպես արևմտյան լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, արևմտյան գործընկերների հետ հետագա, դրանց թվում՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ բանակցությունների ժամանակ, Պուտինը երկար խոսել է պատմության մասին՝ նման կերպ փորձելով արդարացնել իր գործողությունները։
«Ռուսները ինքնակամ հրաժարվել են հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքից,- 2001 թվականի ամռանը ասել է Պուտինը Բուշին։ -Դա աննախադեպ բան է։ Ուկրաինան, որը դարեր շարունակ Ռուսաստանի մաս էր կազմում, հանձնվել է։ Ղազախստանը հանձնվել է։ Կովկասը նույնպես։ Դա դժվար է պատկերացնել, և դա արել են կուսակցական առաջնորդները»։




























