Ուրբաթ օրը զինված տղամարդը կրակ է բացել ԱՄՆ Այդահո նահանգի շերիֆի գրասենյակում և փողոցում գտնվող երկու կանանց ուղղությամբ՝ վիրավորելով երեք մարդու, որից հետո սպանվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, հայտնում է NBC News-ը:

Շոշոն շրջանի շերիֆի գրասենյակում (Ուոլես քաղաք) տեղի ունեցած միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով մոտ 14:30-ին, իսկ կասկածյալը սպանվել է 16:15-ին։ Այս մասին հայտնել է շրջանի շերիֆ Ուիլյամ Էդդին:

Ըստ Էդդիի՝ միջադեպի հետևանքով մեկ սպա և երկու կին թեթև վնասվածքներ են ստացել: Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան տեղեկատվությունը դեռևս նախնական է եղել։

Էդդին կրակոցներից մեկը նկարագրել է որպես «պարզապես հպանցիկ հարված» ոստիկանի ականջին և հավելել, որ, իր կարծիքով, երկու կանայք էլ վիրավորվել են ոտքից: Այդ պահին շերիֆի գրասենյակի նախասրահը բաց է եղել այցելուների համար: «Կասկածյալը մտել է շերիֆի գրասենյակի նախասրահ և սկսել կրակել», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էդդին:

Ըստ Էդդիի՝ երկու կանայք նստած են եղել շերիֆի գրասենյակի մոտ կայանված պիկապում, երբ անհայտ անձը դիմապակու միջով կրակել է նրանց վրա՝ վիրավորելով յուրաքանչյուրի ոտքը: Նրա խոսքով՝ կանանցից մեկը գտնվել է առջևի նստատեղին, իսկ մյուսը՝ հետևի: Էդդին նշել է, որ դեպքին արձագանքել են ինչպես հարակից այլ կառույցների ոստիկանական ուժերը, այնպես էլ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ): Հրաձգության հետաքննությունը շարունակվում է և Էդդին հայտնել է, որ իրադարձությունների ժամանակագրության վերաբերյալ հավելյալ տեղեկությունները դեռևս հստակ չեն:

Ուոլեսը մոտ 800 բնակիչ ունեցող փոքրիկ քաղաք է Այդահո նահանգի հյուսիսում, որը գտնվում է Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքից մոտ 80 մղոն դեպի արևելք ընկած տարածքում: