Ազգային ժողովի այսօրվա` փետրվարի 7-ի նիստին ԲՀԿ-ական ոչ մի պատգամավոր չի մասնակցում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք բոյկոտում են ԱԺ այսօրվա նիստը, քանի որ երեկ ԱԺ-ում «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը ԲՀԿ-ի չմասնակցելուց հետո, իրենց հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ է եղել, իբր իրենք կողմ են կոռուպցիային:
«Հաշվի առնելով այն, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ինձ զրկեց վարման կարգի վերաբերյալ տեսակետ հայտնելու հնարավորությունից, նաեւ այն, որ երեկ թե այս ամբիոնից, թե տարբեր լրատվամիջոցներում ԱԺ նախագահի, ՀՀԿ տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել ԲՀԿ-ի հասցեին, հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, ես հայտարարում եմ, որ ԲՀԿ խմբակցությունն այսօր չի մասնակցելու ԱԺ աշխատանքներին»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաեւ, որ բոյկոտը վերաբերում է միայն այսօրվան, իսկ վաղվա վերաբերյալ առանձին որոշում կկայացնեն:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, երեկ` հունվարի 6-ին, չեն մասնակցել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քվեարկությանը, դրանով տապալելով օրինագիծը: Կոալիցիոն գործընկերոջ այս քայլը զայրացրել էր հանրապետական պատգամավորներին: Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Արեգ Ղուկասյանն ու Գագիկ Մինասյանն իրենց ելույթներում հայտարարում էին, որ օրինագծին դեմ քվեարկելը նշանակում է` կողմ լինել կոռուպցիային, իսկ քվեարկությանը չմասնակցելն ընդհանրապես անհասկանալի կեցվածք է:




























