Թուրքիայում շաբաթ առավոտյան Արևմտյան Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և ևս չորս լիբիացի սպաների հուղարկավորության զինվորական արարողություն է տեղի ունեցել։ Նրանք զոհվել են այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած ավիավթարի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Գեներալ Մուհամմեդ Ալի Ահմադ ալ-Հադդադի մասնավոր ինքնաթիռը, որում գտնվում են նաև չորս այլ զինվորական սպաներ և անձնակազմի երեք անդամներ, կործանվել է երեքշաբթի օրը՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Օդանավում գտնվող բոլոր անձինք զոհվել են:
Լիբիացի պաշտոնյաները հայտարարել են, որ վթարի պատճառը եղել է ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը: Ալ-Հադդադը Արևմտյան Լիբիայի բարձրագույն զինվորական հրամանատարն է եղել և վճռորոշ դերակատարում է ունեցել ՄԱԿ-ի միջնորդությամբ իրականացվող՝ Լիբիայի զինված ուժերի միավորմանն ուղղված ջանքերում:
Լիբիական բարձրաստիճան պատվիրակությունը վերադառնալուց է եղել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի՝ Անկարայում պաշտպանական հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելուց հետո, որոնք նպատակ են ունեցել ակտիվացնել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը: Շաբաթ օրվա արարողությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին Անկարայի մոտ գտնվող Մուրթեդ օդանավակայանում, որին ներկա են եղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և պաշտպանության նախարարը:
Այնուհետև Լիբիայի ազգային դրոշով փաթաթված հինգ դագաղները բարձրացվել են ինքնաթիռ՝ հայրենիք վերադարձնելու համար: Թուրքիայի զինված ուժերի հրամանատար Սելչուկ Բայրաքթարօղլուն նույնպես գտնվել է Լիբիա մեկնող ինքնաթիռի մեջ, հայտնել է TRT պետական լրատվական գործակալությունը:





























