Մոսկվայի մարզի Օդինցովոյի դատարանը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել գործարար, Մոսկվայի մարզի առևտրի նախկին նախարար, «Ռուսաստանի վրացիների միության» նախկին ղեկավար Միխայիլ Խուբուտիային՝ նախկին ընկերուհուն ծեծի ենթարկելու համար, դատարանի դահլիճից հայտնել են ՌԻԱ Նովոստիին:

«Մոսկվայի մարզի Օդինցովոյի քաղաքային դատարանի դատավճռով Խուբուտիայի նկատմամբ պատիժ է սահմանվել մեկ տարի ժամկետով՝ պայմանականորեն», - ասել է գործակալության զրուցակիցը:

Տուժողի փաստաբան Քրիստինա Վիսոցկայան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ նմանատիպ դատավճիռ է կայացվել այն բանի շնորհիվ, որ Վանը (տուժողը) դիմում է ներկայացրել դատարան՝ նշելով, որ չի առարկում մեղմ դատավճռի կայացմանը. իրավաբանը դա անվանել է նրա կողմից ցուցաբերվող «գթասրտության ակտ»:

Ինչպես հաստատվել է դատարանում, ապրիլի 24-ին Օդինցովոյի քաղաքային օկրուգի «Տրյոխգորկա-5» բնակելի համալիրի տներից մեկում, հանկարծակի առաջացած անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա, Միխայիլ Խուբուտիան կացնի կոթով ծեծի է ենթարկել Յուլիա Վանին, ինչի հետևանքով նա դաստակի փակ կոտրվածք է ստացել, ինչպես նաև վերջույթների վերքեր և սալջարդներ։

Գործարարը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետ)։

Խուբուտիան լիովին խոստովանել է մեղքը, ինչպես նաև մասնակիորեն փոխհատուցել է Վանի բուժման ծախսերը։ Քննության ընթացքում Վանը նաև հայց է ներկայացրել դատարան՝ ալիմենտ բռնագանձելու պահանջով։