Ռուս նախկին խորհրդարանական եւ նավթային մագնատ Վիկտոր Խորոշավցեւը Սուրբծննդյան օրը ձերբակալվել է Իտալիայի Վարեսե նահանգում՝ միջազգային կալանքի օրդերի հիման վրա, եւ այսօր ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ, տեղեկացրել է Ansa-ն։
Հաղորդագրությունների համաձայն՝ 73-ամյա նախկին քաղաքական գործիչը ցանկացել է Սուրբծննդյան տոներն անցկացնել Միլանում բնակվող իր դստեր հետ եւ հատուկ այդ նպատակով մեկնել է Իտալիա։
Վարեսեի ոստիկանության քննիչները նրան ձերբակալել են Սոմա Լոմբարդոյի հյուրանոցում, որը շատ մոտ է Մալպենսա օդանավակայանին՝ Ինտերպոլից տեղեկություններ ստանալուց հետո։
Նախկին խորհրդարանականի միջազգային կալանքի օրդերը ուժի մեջ է մտել մարտի 29-ից։ Ռուսաստանում նա մեղադրվում է ավելի քան 100 միլիոն եվրոյի խարդախության մեջ. գումարը գողացվել է կենսաթոշակային ֆոնդերից եւ մաքսանենգ կերպով արտասահման է տեղափոխվել մագնատի կողմից։
Այսօր առավոտյան Խորոշավցեւը Բուստո Արսիցիո բանտում (Վարեսե) գիշերն անցկացնելուց հետո կանգնել է Միլանի վերաքննիչ դատարանի դատավորների առջեւ, եւ դատավորները նրան ազատ են արձակել։ Նրա փաստաբանները պնդում են, որ արտահանձնման որոշումը «իրավաբանորեն կիրառելի չէ», քանի որ Ռուսաստանի Դաշնությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հեռացվել է Եվրոպայի խորհրդից՝ սովորական դատական համագործակցության կասեցմամբ։





























