Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Մ-7 միջպետական ավտոճանապարհի՝ Լուսաղբյուր բնակավայրից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը փակ է։ Հայտնում են Ճանապարհաին դեպարտամենտից:

Փրկարար ծառայությունից էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդով բեռնատարների համար։ 

Կոտայքի մարզում, Տավուշի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Աբովյանի, Արագածի, Աշոցքի, Անիի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի, Սևանի, Ճամբարակի, Վանաձորի, Թումանյանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։