Թուրքիայի նախագահական ապարատի դեմ Դերսիմի կոտորածների համար առաջին դատական հայցը ներկայացրել է 83-ամյա Ալի Դողանը։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Դերսիմի կոտորածների ժամանակ 8 տարեկան Ալին ծանր վիրավորվել է, որի համար Թուրքիայի նախագահի ապարատի դեմ 1 մլն լիրա փոխհատուցման դատական հայց է ներկայացրել Թունջելիի քաղաքացիական գործերով դատարան։ Հայցն ընդունվել է դատարանի կողմից եւ պատասխանելու համար գրություն է ուղարկվել Թուրքիայի նախագահական ապարատին։

Նշվում է, որ Ալի Դողանը փոխհատուցման հայցը ներկայացրել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Դերսիմի կոտորածների համար ներողություն է խնդրում։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։