Բաղդադում Իրանի դեսպան Մոհամադ Քազեմ Ալ-Սադեկը հայտարարել է, որ Թեհրանը հայտնաբերել է ամերիկյան հետախուզական թռիչքներ, որոնք Իրաքի օդային տարածքն օգտագործում են Իրանի տարածքին հետևելու համար, հայտնում է Mehr-ը։

Ալ-Սադեկն այս մասին հայտնել է իրաքյան լրատվամիջոցներին՝ նախազգուշացնելով, որ Միացյալ Նահանգներն Իրաքի օդային տարածքում աջակցում է Իսրայելի թռիչքներին, ինչը սպառնալիք է ներկայացնում։

Նա նաև ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ արձագանքելու ցանկացած թշնամական գործողության՝ հարգելով Իրաքի ինքնիշխանությունն ու նրա կառավարության որոշումները։ Դեսպանը շեշտել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ օդային տարածքի և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ որպես օրինակ բերելով Իրաքի վրայով ԱՄՆ-ի հետախուզական թռիչքները։

Ալ-Սադեկը նաև նշել է Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության ինքնուրույն կառավարման անհրաժեշտության մասին՝ զգուշացնելով արտաքին զինված ուժերին ապավինելուց։

«Անվտանգությունը բացառապես ներքին և տարածաշրջանային խնդիր է։ Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, ներառյալ Իրաքը, առաջնահերթություն կտան տարածաշրջանային երկխոսությանը, այլ ոչ թե թույլ կտան օտարերկրյա վերահսկողությունն ու միջամտությունը»,- ասել է նա։

Իրանցի դիվանագետը կողմ է արտահայտվել տարածաշրջանային երկխոսությանը՝ որպես օտարերկրյա վերահսկողության ու միջամտության այլընտրանք՝ ներկայացնելով իրանական «6+2» ծրագիրը՝ որպես առանց արտաքին միջամտության անվտանգության պահպանման մոդել։

Ալ-Սադեկն ընդգծել է Թեհրանի՝ սպառնալիքները զսպելու և ինքնապաշտպանվելու կարողությունը՝ առանց միջուկային զենքի։ Նա շեշտել է, որ թեև Իրանը չունի միջուկային զենք, նրա հրթիռային զսպման ներուժը բավարար է երկիրը պաշտպանելու և հակառակորդներին հրադադարի պարտադրելու համար։

Նա քննադատել է Իրանը որպես միջուկային զենքի ձգտող երկիր ներկայացնելու փորձերը՝ այդ հայտարարություններն անվանելով «սուտ ու հորինվածք», որոնք արտաքին ուժերն օգտագործում են Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար։