Կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը չի հայտնել, թե իր ընկերներից ով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա կարմիր գինի թափել, հայտնում է РИА Новости-ն։
Ռուսաստանի առաջնորդը «Россия» հեռուստաալիքով ցուցադրված «Նիկիտա Միխալկով» ֆիլմում հիշել էր, թե ինչպես է ռեժիսորի հոբելյաններից մեկի ժամանակ հյուր գնացել նրան, և Միխալկովի ընկերներից մեկն իր վրա կարմիր գինի էր թափել։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ մեղավորը «մի քանի անգամ ներողություն է խնդրել և ասել, որ ընդհանրապես կդադարի ալկոհոլ օգտագործել»։ Պուտինն այն ժամանակ կատակել է, որ իրեն գինով թրջած ընկերը «այնուամենայնիվ իր խոսքը չի պահել և շարունակում է խմել»՝ ճիշտ է, «ողջամտության սահմաններում»։
«Տե՛ս, եթե նախագահը քեզ չի ասել, թե ով է նա, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ տեսք կունենամ ես այդ մարդու առջև, եթե մատնեմ նրան»,- ծիծաղելով ասել է Միխալկովը լրագրող Պավել Զարուբինին՝ «Россия 1» հեռուստաալիքի «Москва. Кремль. Путин» հաղորդման ժամանակ։
Նա հիշել է նաև ներկա գտնվող Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովի արձագանքը և տեղի ունեցածին երկրի ղեկավարի արձագանքը։
«Հիշում եմ հետևում կանգնած Վիկտոր Վասիլևիչ Զոլոտովի մտքերն ու զգացողությունները, որը մի շատ ռուսական արտահայտություն արեց։ Նախագահի արձագանքը հանճարեղ էր։ Ընդ որում, այդ մարդն ասաց՝ «Ես ձեզ համար նոր վերնաշապիկ կգնեմ», իսկ նա պատասխանեց՝ «Շնորհակալություն, ունեմ»»,- պատմել է Միխալկովը։