Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը կրկնակի այց կկատարի Իրան փետրվարի 21-22-ին: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:
Նա հայտարարել է, որ Իրանը շարունակում է բաց համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ: «Այդ համագործակցությունը կոչված է ավելի մոտիկից ծանոթացնել ԱԷՄԳ-ին Իրանի իրականացրած ատոմային ծրագրերի խաղաղ բնույթին»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ պատվիրակությունը Գործակալության գլխավոր տնօրենի` երաշխավորության հարցերով տեղակալ Հերման Նակաերթսեմի գլխավորությամբ, գտնվել է Իրանում հունվարի 29-31-ին: Կողմերի հավաստմամբ` բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում:
«Իրանական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը լուծել բոլոր հարցերը: Սակայն մենք, իհարկե, պետք է բավականին մեծ աշխատանք իրականացնենք, այդ պատճառով նախատեսել ենք եւս մեկ այց կատարել մոտ ապագայում»,- հայտարարել է Նակաերթսեմը` վերադառնալով Վիեննա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍԸ:




























