Թեհրանը կձեռնարկի պատասխան միջոցներ իր դեմ ագրեսիայի դեպքում, վստահեցրել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացման ֆոնին։
«Իրանի հրթիռային ներուժը և պաշտպանությունը անվերահսկելի են և չեն պահանջում կամ կախված չեն թույլտվությունից։ Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ, կոշտ պատասխանի, որը կգերազանցի այն ծրագրողների բոլոր սպասումները», - ասել է Շամխանին The Jerusalem Post-ին տարածված հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինի համաձայն՝ «պատասխան միջոցառումները մշակվում են սպառնալիքների իրականացումից առաջ»։
Պարբերականը նշում է, որ Շամխանին նաև Խամենեիի ներկայացուցիչն է Իրանի Պաշտպանության խորհրդում։
Նախկինում հաղորդվել էր, որ Թրամփը Իրանին լուրջ հետևանքներ է խոստացել, եթե Թեհրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը։
«Եթե սա հաստատվի, հետևանքներ կլինեն»։ «Հետևանքները շատ լուրջ կլինեն, գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ», - ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Մար-ա-Լագոյի իր նստավայրում։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի հայտարարված նպատակն էր ոչնչացնել Թեհրանի միջուկային ծրագիրը։ Իրանը պատասխանեց՝ հարվածներ հասցնելով Իսրայելին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի։ Հետագայում նախագահ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, որին Իրանն ու Իսրայելը համաձայնեցին։




























