ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փորձել է նմանակել «Կնքահայրը» ֆիլմի հերոս Վիտո Կորլեոնեին՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին գրում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուբիոյի հանդիպումը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել փետրվարի 18-ին՝ Էր-Ռիադում։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նստած լինելով Լավրովի և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի դիմաց՝ Ռուբիոն մեջբերել է մաֆիոզ կլանի ղեկավար Վիտո Կորլեոնեին, որի դերը մարմնավորել է Մարլոն Բրանդոն։ Ֆիլմում Բրանդոյի հերոսը, որդուն պատմելով հանցավոր մրցակից ընտանիքների սպառնալիքների մասին, ասում է. «Ես ողջ կյանքում աշխատում եմ անփույթ չլինել։ Կանայք և երեխաները կարող են իրենց թույլ տալ անփույթ լինել, բայց ոչ տղամարդիկ»։
Ինչպես նշում է պարբերականը, ամերիկացի քաղաքական գործիչն օգտագործել է ֆիլմի այս արտահայտությունը՝ Ռուսաստանի ներկայացուցիչներին միջուկային տերությունների միջև շփման անհրաժեշտությունը ավելի պատկերավոր արտահայտելու համար։ Պարբերականի աղբյուրը նշել է, որ «սովորաբար խոժոռված» դեմքով Լավրովը ժպտացել է։




























