Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչները քննարկել են «Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացիկ հարցերը: Դրանք, մասնավորապես, վերաբերում են Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։  Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց եւ Արշակունյաց-Շիրակի փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման Բանկի հետ՝ քաղաքապետը նշել է, որ մեծ կարեւորություն է տալիս մասնավորապես ճանապարհաշինական ծրագրերին, որոնք ուղղված են Երեւան համայնքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին: «Մեզ համար առաջնային խնդիրը ճանապարհաշինության աշխատանքները օր առաջ սկսելն է եւ մեր ամենամեծ խնդրանքն է, որ դուք հնարավոր բոլոր միջոցները գործադրեք աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը եւս կարեւորել է Ասիական Զարգացման Բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում շատ արդյունավետորեն են աշխատել քաղաքապետարանի աշխատակազմի հետ եւ  հույս է հայտնել, որ ծրագրի հետագա իրականացումը եւս հաջող ընթացք կունենա:

Կողմերը պայմանավորվել են նախապատրաստական աշխատանքները եւ փաստաթղթային ձեւակերպումները իրականացնել նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ մինչեւ տարեվերջ շինարարիների մրցույթային ընտրության գործընթացն սկսելու ակնկալիքով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը քննարկել են նաեւ համագործակցության այլ խնդիրներ՝ բանկի աջակցությամբ իրականացվելիք քաղաքային տնտեսության առաջնահերթությունների վերաբերյալ: