Ռուսաստանից Եվրոպա խողովակաշարային գազի արտահանումը 2025 թվականին կրճատվել է 44%-ով՝ հասնելով 1970-ականների կեսերից ի վեր ամենացածր մակարդակին։ Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հայտնել է Reuters գործակալությունը։

Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանը դեկտեմբերի 3-ին նախնական համաձայնության են եկել REPowerEU պլանի շրջանակում մինչև 2027 թվականը ռուսաստանյան բնական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու կանոնակարգի շուրջ, հայտնում է DW-ն։

Ռուսաստանյան «Գազպրոմ» կորպորացիայի և ուկրաինական «Նաֆտոգազի» միջև տարանցման համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2025 թվականի հունվարի 1-ին, ինչից հետո Կիևը դադարեցրել է ռուսաստանյան գազի մղումն իր տարածքով։ Այս կապակցությամբ 2025-ին «Գազպրոմի» մատակարարումները Եվրոպա խողովակաշարով կրճատվել են մինչև 18 միլիարդ խորանարդ մետր։ Հումքը մատակարարվել է «Թուրքական հոսքով»․ այս մասին են վկայում գազի տեղափոխման եվրոպական Entsog խմբի տվյալները։

Ռուսաստանը նաև հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) է արտահանում ԵՄ տանկերներով և մնում է ծավալներով երկրորդ մատակարարը՝ ԱՄՆ-ից հետո։