Գիտնականների միջազգային խումբը գարու սերմերում գենետիկական մեխանիզմ է հայտնաբերել, որն ընդունակ է պաշտպանել պարենային համաշխարհային պաշարները կլիմայի բացասական փոփոխություններից։ Հետազոտությունը գտել է կենսաբանական «ժամանակաչափը», որը որոշում է, թե երբ է սերմն «արթնանում» և սկսում ծլել։ Սա կօգնի ստեղծել սթրեսակայուն մշակաբույսեր:

Գիտնականները կենտրոնացել են սերմերի նիրհի երևույթի վրա. սա բնական վիճակ է, երբ սերմը չի ծլում նույնիսկ բարենպաստ պայմաններում, հայտնում է Planet Today-ը։ Եթե սերմերը չափազանց շուտ արթնանան, դա նվազեցնում է հացահատիկի որակը և տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս հասցնում: Սակայն չափազանց երկար նիրհն էլ խանգարում է հաջորդ բերքի ժամանակին ցանքսին:

Հետազոտողները բացահայտել են MKK3 գենը, որը համարում են նիրհի շրջանի հիմնական կարգավորիչը։ Գենի պատճենների քանակն ու ակտիվության մակարդակը վճռորոշ են սերմի «քնի» տևողության համար։ Որքան դրանք շատ են, այնքան կարճ է նիրհը:

Անցկացվել է աշխարհի տարբեր անկյուններից բերված գարու ավելի քան 1000 նմուշի վերլուծություն։ Այն ապացուցել է, որ տարբեր տարածաշրջաններում բնական ընտրության արդյունքում հայտնվել են MKK3 գենի զանազան տարբերակներ։ Այսպես, Արևելյան Ասիայի անձրևոտ շրջանները սերմերի համար դարձել են գենի «հանգիստ» տարբերակի զարգացման տարածք, ինչը թույլ էր տալիս նրանց նիրհի մեջ մնալ անձրևների սեզոնին։ Հյուսիսային Եվրոպայում հին վիկինգները հատուկ տեսակավորում էին գարին՝ ընտրելով նիրհի կարճ շրջանով սերմերը՝ արագ և հավասարաչափ ծլման համար, ինչը կարևոր էր բարձրորակ գարեջրի արտադրության համար։

Մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել մերկահատիկ գարուն, որն աճում է Ցինհայ-Տիբեթյան բարձրավանդակում: Այս սորտի մոտ MKK3-ն աշխատում է առավելագույն հզորությամբ, ինչի պատճառով սերմերը ծլում են գրեթե անմիջապես և լավ բերք տալիս:

Այնտեղ կլիման խիստ է, սեպտեմբերից սկսած հաճախ լինում են ցրտահարություններ, ուստի հացահատիկի բերքահավաքն իրականացնում են նախքան լիարժեք հասունացումը, իսկ հետո այն չորացնում են օդում, բովում և աղում։ Նման մշակումից հետո այն լավ պահպանվում է ձմռանը։ MKK3 գենի հայտնաբերումը հնարավորություն է տալիս կլիմայական սթրեսի նկատմամբ կայուն ժամանակակից մշակաբույսեր աճեցնել: