Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այս հիմնարար պարամետրերը մնում են անփոփոխ։ Դրա մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ելնում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների հենց այդ բնույթից։ Ինչ վերաբերում է ցանկացած երկրի կամ միավորման, դրանց թվում՝ Եվրամիության հետ հարաբերություններ պահպանելու նրա իրավունքին, կարծում ենք, որ դա ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է։ Սակայն համագործակցությունը մի բան է։ Ինտեգրացիան՝ բոլորովին այլ բան։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց այն է, ինչպես մենք այն հասկանում ենք, ինտեգրացիան, որը ներառում է Հայաստանի իրավական շրջանակի համապատասխանեցումը ԵՄ համապատասխան չափանիշներին այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրը և այլն։
Եվ մենք մեր հայ գործընկերներին ազնվորեն և անկեղծորեն հայտնում ենք, որ ԵՄ-ի հետ իրավական շրջանակի նման համաձայնեցումն անխուսափելիորեն հակասության մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համապատասխան նորմերի հետ, որի անդամ է նաև Հայաստանը։ Հետևաբար, ուշադիր հետևում ենք Հայաստանի՝ իր իրավական շրջանակը ԵՄ նորմերին համապատասխանեցնելու քաղաքականության և ԵԱՏՄ համապատասխան կանոնակարգերի միջև հնարավոր հակասություններին։
Մենք ազնվորեն և անկեղծորեն քննարկում ենք այդ հարցերը համապատասխան ձևաչափերով, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Երևանում։
Եվ, իհարկե, ուրախ էինք նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մոսկվայում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի (դեկտեմբերի 11) և Սանկտ Պետերբուրգում անցկացված Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի (դեկտեմբերի 21) նիստերում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրասիական ինտեգրմանը հետագա մասնակցության հարցում: Հույս ունենք, որ այդպես էլ կլինի: Հատկապես, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից: Եվ, իհարկե, այս 10 տարիների ընթացքում վստահ ենք, որ հայ հասարակությունը և երկրի ղեկավարությունը զգացել են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության բոլոր նշանակալի առավելությունները»,- նշել է Գալուզինը։
Ըտս նրա՝ Հայաստանն օգտվում է ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից, և նրա հայ գործընկերները ցույց են տալիս այդ փաստարկների ըմբռնումը։




























