«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»։ Այս մասին The Washington Times-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։

Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք բազմաթիվ թյուրըմբռնումներ, և նրանք մեծ վնաս են հասցրել։ Բայդենի վարչակազմը կրկին կիրառեց 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները։

Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում վարչակազմը վճռորոշ դեր խաղաց Կասպից ծովի գազի մատակարարումները Եվրոպայի շուկա ապահովելու գործում՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակում», – նշել է Հաջիևը։

Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը նպաստում է Հայաստանի հետ տնտեսական փոխկախվածությանը՝ արտահանելով նավթամթերքներ և աջակցելով հացահատիկի մատակարարումներին հայկական շուկա։

«Սա կարող է թվալ խորհրդանշական, բայց խորհրդանշականից բացի այստեղ կա իսկապես կարևոր աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Մենք խաղաղություն ենք կնքում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ», – վստահեցրել են Բաքվում։