Ռուսաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախկին Խորհրդային Միության երկրների հետ վիզային ռեժիմի հաստատումը կհանգեցնի նրանց կորստին:
«Իմ դիրքորոշումը բաց է երկրի քաղաքացիների համար. կարելի է վիզային ռեժիմ սահմանել նախկին Խորհրդային Միության երկրների հետ, բայց այդ ժամանակ մենք կարող ենք բոլորովին կորցնել նրանց»,- ասել է Պուտինը իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ:
«Այնտեղ առանց այդ էլ ռուսերենը խորթ է, իսկ եթե չլինի ազատ շփումը, լինեն հավելյալ սահմանափակումներ, ապա մենք նրանց կկորցնենք»,- ընդգծել է թեկնածուն:
Այլ կերպ ասած, այդ պետություններն աստիճանաբար դուրս կգան Ռուսաստանի ազդեցությունից, ինչը բացասաբար կանդրադառնա ռուսական ռազմավարության վրա, նշել է Պուտինը, գրում է «Взгляд»-ը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի տնտեսությանը պետք է միգրացիոն հոսքը, սակայն անհրաժեշտ է կարգի բերել միգրացիոն օրենսդրությունը:




























