Այսօր առավոտյան Միացյալ Նահանգները զինված ագրեսիայի ակտ է իրականացրել Վենեսուելայի դեմ։ Սա խորապես մտահոգիչ է եւ դատապարտելի, նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Նման գործողությունները արդարացնելու համար օգտագործվող պատրվակները անհիմն են։ Գաղափարախոսական թշնամանքը գերակշռել է գործնական պրագմատիզմին եւ վստահելի ու կանխատեսելի հարաբերություններ կառուցելու պատրաստակամությանը։
Ստեղծված իրավիճակում, առաջին հերթին, կարեւոր է կանխել հետագա թեժացումը եւ կենտրոնանալ երկխոսության միջոցով ելք գտնելու վրա։ Մենք կարծում ենք, որ բոլոր գործընկերները, ովքեր կարող են դժգոհություններ ունենալ միմյանց նկատմամբ, պետք է խնդիրների լուծումները փնտրեն երկխոսության միջոցով։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այս հարցում։
Լատինական Ամերիկան պետք է մնա խաղաղության գոտի, ինչպես այն հռչակել է իրեն 2014թ․։ Եվ Վենեսուելայի համար պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց որեւէ ապակառուցողական, առավել եւս՝ ռազմական, արտաքին միջամտության։
Մենք հաստատում ենք մեր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ եւ մեր աջակցությունը Բոլիվարյան ղեկավարության կուրսին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը։
Մենք աջակցում ենք Վենեսուելայի իշխանությունների եւ Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարների հայտարարությանը, որով կոչ է արվում անհապաղ գումարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ։
Կարակասում Ռուսաստանի դեսպանատունը գործում է բնականոն ռեժիմով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, եւ մշտական կապի մեջ է Վենեսուելայի իշխանությունների եւ Վենեսուելայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ներկա պահին Ռուսաստանի Դաշնության տուժած քաղաքացիների մասին որեւէ տեղեկություն չկա»,- նշվել է նախարարության հայտարարությունում։





























