Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի ռեժիսորական դեբյուտային «Արյան եւ մեղրի երկրում» ֆիլմի ցուցադրությունն արգելվել է Սերբիայում: Այդ մասին տեղեկացնում է բոսնիական Dnevni Avaz պարբերականը` վկայակոչելով ֆիլմի տարածմամբ զբաղվող Blitz Film & Video ընկերությանը:
«Ո՞վ է դիտելու այդ ֆիլմն այստեղ: Ջոլիի ֆիլմը չեն ցուցադրի Սերբիայում, ինչպես Կուստուրիցայի ֆիլմերը չեն կարող ցուցադրվել Սարաեւոյում»,-ասել է սերբիական մայրաքաղաքում գտնվող «Պալաս» կինոթատրոնի տնօրեն Վլադիմիր Լեւարը:
Dnevni Avaz-ի տվյալներով` ֆիլմի պրեմիերան փետրվարի 17 –ին տեղի կունենա Խորվաթիայի մայրաքաղաքում: Ռուսաստանում ակնկալվում է, որ այն կցուցադրվի փետրվարի 23-ին: Սարեւոյում եւ ԱՄՆ-ում արդեն տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան:
Ավելի վաղ ֆիլմը Սերբիայում ցուցադրելու դեմ էր հանդես եկել բոսնիական ճամբարների նախկին դատապարտյալների ասոցիացիայի ղեկավար Բրանիսլավ Ջուկիչը: Նա հայտարարել էր, թե ֆիլմում «կեղծքի է ներկայացված»` ավելացնելով, որ սերբիական ուժերը ներկայացվում են միակ կողմը, ովքեր 1992-1995թթ. պատերազմի ժամանակ սեռական բռնություններ են իրականացրել խաղաղ բնակիչների նկատմամբ: Ինքը` Ջոլին սյուժեի վերաբերյալ իրեն ներկայացված քննադատությունը մերժում է:
Նշենք, որ ֆիլմը պատմում է համակենտրոնացման ճամբարի կալանավորուհի մահմեդական Ալեի մասին, ով բռնաբարության է ենթարկվում իրեն պահպանող սերբերի կողմից: Պահնորդներից մեկը ի դեմս Ալեի տեսնում է իր մահմեդական հարսնացուին, ում հետ հանդիպում էր մինչեւ պատերազմը:




























