Ուրբաթ օրը Մեքսիկայի հարավային եւ կենտրոնական հատվածներում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, տեղեկացրել է BBC News-ը։
6.5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակապուլկո հայտնի զբոսաշրջային քաղաքի մոտակայքում՝ Սան Մարկոսի մոտ, հարավարեւմտյան Գերերո նահանգում, որը աննշան վնասներ է կրել։
Նահանգապետ Էվելին Սալգադոն հայտնել է, որ Գերերոյում մահացել է 50-ամյա մի կին, Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադան հաստատել է 60-ամյա տղամարդու մահը եւ ասել, որ մայրաքաղաքում եւս 12 մարդ վիրավորվել է։ Մեքսիկան գտնվում է աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից մեկում՝ չորս տեկտոնական սալերի հատման վայրում։
Ուրբաթ երեկոյան Բրուգադան հայտնել էր, որ Մեխիկո քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է «հայտարարված մակարդակի 98 տոկոսով»։ Նրա խոսքով՝ երկու կառույցում կատարվում է փլուզման ռիսկի գնահատում, 34 շենք եւ հինգ բնակելի շենք ստուգվում են, ստուգումը կատարվում է որպես կանխարգելիչ միջոց։
Reuters գործակալության տվյալներով՝ Մեխիկո քաղաքում վնասի գնահատում է ընթանում ճանապարհների եւ հիվանդանոցների վնասվելուց հետո, իշխանությունները նշել են սողանքների մասին Գերերո նահանգի մայրուղիներում։ Մեքսիկայի սեյսմոլոգիական ծառայությունը տեղական ժամանակով կեսօրին (18:00 ըստ Գրինվիչի) գրանցել է 420 ցնցում։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը այս տարի իր առաջին մամուլի ասուլիսն էր անցկացնում, երբ երկրաշարժը տեղի ունեցավ։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Շեյնբաումն ասում՝ «ցնցում է», մինչդեռ հետին պլանում հնչում է երկրաշարժի մասին նախազգուշացնող համակարգի ձայնը։ Այնուհետեւ նա խնդրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին «հանգիստ ցրվել»։




























