Վրաստանից արտաքսվել է Իսրայելի 20-ամյա մի քաղաքացի, որը ցուցադրական հրաձգություն է կատարել մեքենայից Թբիլիսիի կենտրոնում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։
Դեպքը տեղի է ունեցել Հերոսների հրապարակի տակ գտնվող թունելում դեկտեմբերի 29-ին. մգացված ապակիներով սպիտակ BMW-ից կատարված կրակոցների կադրերը արագ տարածվել են սոցցանցերում՝ հասարակական վրդովմունք առաջացնելով։
Կրակոցներն սկսած զբոսաշրջիկի ինքնությունն արագ պարզվել է։ Հետաքննությունը պարզել է, որ զենքը ակուստիկ է եղել, ինչը նշանակում է, որ դա մարտական զենք չէ։ Օտարերկրացու դեմ նաեւ վարչական վարույթ է հարուցվել ոստիկանության հրամանին չենթարկվելու համար։
Դեկտեմբերի 30-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը զբոսաշրջիկին մեղավոր է ճանաչել, տուգանել է 4 000 լարիով եւ որոշել արտաքսել նրան՝ երկիր մուտք գործելու երեք տարվա արգելքով։
«Միգրացիայի վարչության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկել անձին Վրաստանից արտաքսելու համար»,- հայտնել են ՆԳՆ-ում։




























