Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքում հերթական փլուզումն է տեղի ունեցել. բնակարաններից մեկում առաստաղն է փլուզվել։ Բնակարանի սեփականատերը՝ 69-ամյա բնակիչ Անահիտ Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ դեպքն այսօր է տեղի ունեցել, փլուզման պահին ինքը տանն է եկել, սակայն իրեն ոչինչ չի պատահել։
«Այլ տեղ չունեմ գնալու, այսօր հարևանուհուս տանը կգիշերեմ, մինչև տեսնենք՝ ինչ է լինում»–ասաց Անահիտ Գրիգորյանը։
Վարդաշենի 68 Ա և 66/1 հասցեներում գործող հանրակացարանների շենքերի բնակիչները տարիներ շարունակ ահազանգում են շենքերում անմարդկային պայմանների մասին։
«Քաղաքապետարանից պահանջում ենք, որ մեր հարցն անհապաղ լուծեն, վթարային շենք Է, մի օր ամբողջությամբ կփլուզվի։ Այս դեպքը եզակի չէ, այս անգամ բախտի բերմամբ, ոչ ոք չտուժեց փլուզման հետևանքով, բայց վաղը չգիտենք՝ ինչ կարող է լինել։ Քաղաքապետարանը պետք է բնակիչներին տարհանի այս շենքներից»–ասաց վթարային շենքի բնակչուհին։
Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը Վարդաշենի հանրակացարանի՝ 4-րդ աստիճանի վթարային 68ա և 66/1 շենքերի բնակիչներին խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, վթարային շենքերից նրանց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Նախորդ տարի գարնանը, բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։











