Ինչպես վկայում են վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը, 1990-ական թվականներին բրիտանացի զինվորականներն ակտիվորեն փորձում էին ձեռք բերել այլմոլորակային տեխնոլոգիաներ, քանի որ հետախուզության աշխատակիցները կարծում էին, որ օտարածին նորարարությունները կարող են ամրապնդել երկրի սեփական պաշտպանական կարողությունները, գրում է Sunday Times-ը։
Մեծ Բրիտանիայի հետախուզական վարչությունը՝ Defence Intelligence Staff-ը (այժմ՝ Defence Intelligence), հրահանգ էր ստացել հետաքննել «չբացահայտված օդային երևույթները» այն բանից հետո, երբ 1989 թվականի նոյեմբերից մինչև 1990 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Բելգիայում գրանցվել էին նմանատիպ երևույթների դիտարկման հազարավոր դեպքեր։
«Տրամաբանական է ենթադրել, որ եթե զգալի թվով մարդիկ երկնքում տարօրինակ օբյեկտներ են տեսնում, հնարավոր է՝ դրանում ճշմարտություն կա։ Կարելի է պնդել, որ չբացահայտված օդային երևույթները պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում երկրի պաշտպանության համար, քանի որ մենք չգիտենք, թե դրանք ինչ են»,- ասվում է 1997 թվականի մարտին թվագրված գաղտնազերծված ներքին հուշագրում։
Ավելի վաղ՝ այդ տասնամյակում, հաղորդվել էր «մեծ, անձայն, ցածր թռչող սև եռանկյունների» մասին, որոնք դրսևորում էին շարժման այնպիսի հնարավորություններ, որոնք զգալիորեն գերազանցում էին Երկրի վրա հայտնի տեխնոլոգիաները։ Սա ստիպել էր հետախուզությանը լրջորեն դիտարկել նման տեխնոլոգիաները սեփական նպատակների համար ձեռք բերելու հնարավորությունը։
«Օժանդակ խնդիրը տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորությունն է»,— ասվում էր զեկույցներից մեկում։
«ՉՕԵ-ները (UAP), կարծես թե, չեն օգտագործում սովորական ռեակտիվ քարշուժ։ Բելգիական «դելտաները» (որոնց առկայությունը հաստատվել է Պաշտպանության նախարարության կողմից) երկար ժամանակ անշարժ կախված են մնացել օդում, իսկ հետո կտրուկ արագացել մինչև գերձայնային արագությունների՝ շրջանցելով F-16 կործանիչներին։ Եթե սա իրական տեխնոլոգիա է, հավանաբար արժե այն ձեռք բերել»։
Մեկ այլ զեկույցում հիշատակվում էր «վայրէջքը» Ռենդլշեմի անտառում՝ Սաֆոլկի Վուդբրիջի ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում, որտեղ իբր վայրէջք է կատարել «անհայտ ծագման լուսավորվող սարք», նախքան նորից երկինք սլանալը։ Զեկույցը պնդում էր, որ վայրէջքը «հաստատել են ամերիկյան ստորաբաժանման հրամանատարը և այլ վկաներ»։
Փաստաթուղթը հղում էր անում նաև այլ երկրների, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ՉԹՕ-ների (Չճանաչված Թռչող օբյեկտ) տեխնոլոգիաների յուրացման հարցում։
Թեև ՉԹՕ-ների մասին հաղորդումների մեծ մասը ճանաչվել է անարժանահավատ, սակայն փոքրաթիվ դիտարկումներ այդպես էլ չեն ստացել որևէ բացատրություն սովորական գիտության տեսանկյունից։
«Որոշ զեկույցներ նկարագրում էին օբյեկտներ, որոնց մանևրելու հնարավորությունները, արագությունը և ձևը դուրս էին մեր ինժեներական գիտելիքների սահմաններից և այն ամենից, ինչ կարելի էր ողջամտորեն ակնկալել թշնամական տերություններից»,- նշվում էր փաստաթղթերում։
Փաստաթղթերի հեղինակները նաև խոստովանել են, որ նման երևույթների հետազոտությունները կարող են ծաղրի և «փոքրիկ կանաչ մարդուկների» մասին կատակների առիթ դառնալ՝ միաժամանակ հորդորելով պահպանել բաց և անկանխակալ մոտեցում։
Նախկինում գաղտնի փաստաթղթերն այժմ գտնվում են Լոնդոնի հարավ-արևմուտքում՝ Քյուի Ազգային արխիվում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պատրաստվածության հարցերով տեղակալ Լյուկ Փոլարդը 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ Պաշտպանության նախարարությունը դադարեցրել է ՉԹՕ-ների և ՉՕԵ-ների (UAP) վերաբերյալ հաղորդումների հետաքննությունը դեռևս 2009 թվականին և չի պլանավորում ապագայում ռեսուրսներ հատկացնել դրանց ուսումնասիրության համար։



























