Մոտ ապագայում արդեն հնարավոր կլինի ստեղծել «արագ» եւ տարողունակ կոշտ սկավառակներ` էներգիայի չնչին պահանջարկով:
Ինչպես տեղեկացնում է Nature Communications-ը, ֆիզիկոսների միջազգային խումբն առաջարկում է հրաժարվել կրիչի վրա տեղեկատվության ձայնագրման համար անհրաժեշտ մագնիսական դաշտից` այն փոխարինելով ջերմային ճառագայթմամբ:
«Այդ հեղափոխական մեթոդը թույլ կտա վայրկյանում տեղեկատվության տերաբայթեր ձայնագրել` հարյուր անգամ ավելի արագ, քան ժամանակակից կոշտ սկավառակները»,-հայտարարել է հետազոտական խմբի ղեկավար Թոմաս Օստլերը Յորքի համալսարանից:
Ֆիզիկոսների խումբը ենթադրում էր, որ լազերի չափազանց հզոր եւ կարճ լիցքը մագնիսական կրիչի ճառագայթվող ֆրագմենտն այնպիսի վիճակի է բերում, որ այն հեշտությամբ հնարավոր է օգտագործել առանց մագնիսական դաշտի: Կատարվել է համակարգչային մոդելավորում, որից հետո արդյունքները կիրառվել են գործնականում եւ արդարացրել մասնագետների սպասելիքները:




























