Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտություննների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սուրբծննդյան պատարագի ժամանակ իր խոսում նշեց Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։
«Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը։ Որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը։ Խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը վերածվում է վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը ստորադասվում անձջնական ու խմբակային նեղ շահերին։
Մեր սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությունը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների, մեր սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց եկեղեցին սուրբ է ու սրբաբար, հիմնադրված մեր տեր Հիսուս Քրիստոսի սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո։
Առաքելական մեր եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի տառապանքների միջով, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի հասկացել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, նրան ապավինելու մեջ է»,–ասաց նա։











