Հարավային Նեպալի կարևոր սահմանային քաղաքում պարետային ժամ է սահմանվել, երբ հինդու և մահմեդական խմբերը սկսել են բողոքել միմյանց դեմ՝ շաբաթավերջին մզկիթում կատարված բարբարոսությունից հետո, հաղորդում է Associated Press-ը։
Պարսա շրջանի վարչակազմի տված պարետային ժամի հրամանագրերում նշվում է, որ ոչ ոքի չի թույլատրվի դուրս գալ փողոցներ, և արգելվում են բոլոր հավաքներն ու ցույցերը։ Հայտարարության մեջ զգուշացվում էր նաև, որ անվտանգության ուժերը կարող են կրակել պարետային ժամը խախտողների վրա։
Զինված ոստիկանները և զինվորները պարեկում էին մայրաքաղաք Կատմանդուից 130 կիլոմետր հարավ ընկած Բիրգունջ քաղաքի փողոցները: Քաղաքը Նեպալի նավթի, ապրանքների և մատակարարումների մեծ մասի ներմուծման կարևոր սահմանային անցակետ է հարևան Հնդկաստանից։
Կիրակի օրը մահմեդական խմբերը Բիրգունջի փողոցներում սկսել են բողոքել հարևան քաղաքի մզկիթում կատարված բարբարոսության դեմ, որին նույն օրը հաջորդել է հինդու հետևորդների առանձին ցույցը։
Բողոքի ցույցերը շարունակվել են այդ ժամանակվանից ի վեր։ Երկու խմբերի միջև լուրջ բախումներ չեն եղել, և ոչ ոք չի տուժել։ Հաղորդվել է միայն ոստիկանության հետ բախումների մասին։ Հինդուների և մահմեդականների միջև բախումները հազվադեպ են հինդուիստական մեծամասնությամբ բնակեցված Նեպալում, որտեղ մահմեդական բնակչությունը հիմնականում ապրում է հարավի սահմանամերձ շրջաններում։





























