Հյուսիսային Աֆղանստանում ոսկու արդյունահանման շուրջ բախման հետևանքով զոհերի թիվ է գրանցվել, Ֆրանսպրես գործակալությանը (AFP) հայտնել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը։

Տեղացի բնակիչը հայտնել է մի քանի մարդու մահվան մասին։

«Տախար նահանգի Չահաբ շրջանում ոսկու հանքի շահագործման շուրջ պայմանագրային ընկերության աշխատակիցների և տեղի բնակիչների միջև բախումը հանգեցրել է զոհերի և ֆինանսական կորուստների»,- ասել է Հանքաարդունաբերության և նավթի նախարարության ներկայացուցիչ Հումայուն Աֆգան։

«Նախարարության պատվիրակություն է ուղարկվել Տախար՝ միջադեպը հետաքննելու համար»,- Ֆրանսպրես գործակալությանը ասել է նա։

Նախարարության ներկայացուցիչը չի մանրամասնել՝ արդյոք զոհեր կան Տաջիկստանին սահմանակից գյուղական շրջանում՝ Չահաբում, կամ երբ են բռնությունները սկսվել։

Տեղացի բնակիչը Ֆրանսպրես գործակալությանը պատմել է այլ նահանգներից հանքագործների հետապնդումների և վերջին օրերին տեղ գտած բռնությունների մասին, որը բռնկվել է «հանքագործների կողմից տեղի բնակչությանը խմելու ջրով մատակարարող տարածքի ոչնչացումից հետո»։

«Տեղացիները քարերով և փայտերով ապստամբել են նրանց դեմ»,- ասել է նա։ Տեղացի բնակիչը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ դրա հետևանքով մի քանի մարդ է զոհվել, և հանքագործները այդ ժամանակվանից ի վեր լքել են տարածքը։

Ոսկուց բացի, Աֆղանստանը մարմար, հանքանյութեր, թանկարժեք քարեր և ածուխ է արդյունահանում: Ըստ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի 2010 և 2013 թվականների գնահատականների՝ Աֆղանստանի ժայռոտ լանդշաֆտներում հայտնաբերված հանքանյութերի պաշարները, դրանց թվում՝ պղինձը և լիթիումը, արժեին մեկ տրիլիոն դոլար: