Anonymous խմբավորման հաքերները մուտք են գործել Սիրիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների տասնյակ էլեկտրոնային փոստեր եւ հրապարակել ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի նախապատրաստման հետ կապված նամակագրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ սաուդցի հաքեր Սալման Ալ-Անզին կոտրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անձնական էլեկտրոնային փոստը եւ մի շարք պայմաններ առաջադրել, որոնք չկատարելու դեպքում սպառնացել է բացահայտել պետության ղեկավարի անձնական նամակագրությունը, որում բազմաթիվ սկանդալային փաստեր կան:

Մի շարք նամակներում մանրամասն քննարկվում է ABC News-ի թղթակից Բարբարա Ուոլթերսի հետ Բաշար Ասադի հարցազրույցի նախապատրաստումը, որը կայացել է 2011թ. դեկտեմբերին: ՄԱԿ-ում Սիրիայի առաքելության ղեկավար Շեհերազադ Ջաֆարիի նամակում ամերիկյան լրագրողի հետ զրույցի բովանդակության վերաբերյալ մի շարք խորհուրդներ են տրված:

«Չափազանց կարեւոր է նշել, որ մի շարք սխալներ գործվել են ներկայիս ճգնաժամի սկզբում, քանի որ երկրում լավ կազմակերպված ոստիկանություն չի եղել: Ամերիկացիների հոգեբանության վրա կարելի է ազդել, եթե նրանք լսեն, որ գործվել են սխալներ, որոնք այժմ շտկվում են»,- ասվում է նամակում: Բացի այդ, Ջաֆարին խորհուրդ է տվել հիշատակել Occupy Wall Street-ի ցույցերը եւ դրանք ցրելիս ոստիկանության գործողությունները:

Համաձայն նամակի տեքստի`Ասադին նաեւ խորհուրդ են տվել խոսել Սիրիայում սոցիալական համացանցային Facebook եւYouTube կայքերի բաց լինելու, ինչպես նաեւ երկրում օտարերկրյա լրագրողների ազատ մուտք գործելու մասին, քանի որ դրանք շատ կարեւոր են ամերիկացիների համար, գրում է «Ռոսբալտը»: