Իսրայելում շարունակում են ուշադիր հետևել Իրանում բողոքի ցույցերի զարգացմանը և վերլուծել Թեհրանի իշխանության կայունության համար դրանց հնարավոր հետևանքները։ Ըստ Իսրայելի քաղաքական ղեկավարությանը ներկայացված գնահատականների՝ այս պահին ցածր է հավանականությունը, որ բողոքի գործողությունները կհանգեցնեն վարչակարգի փոփոխության։ Այս մասին հայտնում է MigNews-ը՝ հղում անելով 12-րդ ալիքին։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, իսրայելական հետախուզական հանրույթում կարծում են, որ Իրանի ուժային կառույցները նախկինի պես արդյունավետ են գործում։

Հատուկ ուշադրություն է դարձվում «Բասիջ» կազմավորման դերին, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ենթակայության տակ և ներգրավված է բողոքի ցույցերի զսպման գործում։

««Բասիջի» և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հավատարմության մակարդակը իշխանության նկատմամբ էական փոփոխությունների չի ենթարկվել», — ըստ աղբյուրների տվյալների՝ այսպիսի գնահատական է հասցվել իսրայելական ղեկավարությանը։ Նշվել է, որ այդ կառույցները շարունակում են կատարել գործող պետական համակարգի պաշտպանության գործառույթները։

Միևնույն ժամանակ, անվտանգության համակարգում ընդգծում են, որ «խոսքը ներկայիս պատկերի մասին է, որը կարող է փոփոխվել սեղմ ժամկետներում»։

Քննարկումների մասնակիցները նշել են, որ «թեև բողոքի ցույցերն այժմ չեն դիտարկվում որպես ուղղակի սպառնալիք վարչակարգի գոյությանը, պահպանվում է սխալ որոշումների ռիսկը՝ ինչպես Իրանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որոնք կարող են հանգեցնել իրադարձությունների անկանխատեսելի զարգացման»։

Դրան զուգահեռ, Իսրայելում դիտարկում են միջազգային ասպարեզում Իրանի ղեկավարության հնարավոր քայլերը։ Խորհրդակցությունների ժամանակ հնչած գնահատականների համաձայն՝ բողոքի ակցիաների և արտաքին ճնշման վախի ֆոնին Թեհրանը կարող է փորձել ակտիվացնել Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական շփումները։