Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտը չորեքշաբթի օրը հայտնել է, որ 2025 թվականը Նորվեգիայում եղել է պատմության մեջ ամենաշոգ տարին՝ պայմանավորված ամառային ուժեղ տապով և տարեվերջին սկսված անսովոր մեղմ ձմեռով: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:
Մարդկային գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխությունների հերթական ապացույցն է դարձել այն, որ դեկտեմբերի 22-ին Արկտիկայում գտնվող Շպիցբերգեն կղզեխմբի գլխավոր քաղաքում՝ Լոնգյիրում, ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև 4°C: Սա ավելի տաք է եղել, քան Սևիլյայում և Անկարայում, որտեղ այդ օրը գրանցվել է համապատասխանաբար 3°C և 1°C:
«Սա իսկապես ռեկորդային տարի է», - ասել է Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտի կլիմայագետ Հանս Օլավ Հյուգենը: — «Նորվեգիայի շատ վայրերում ռեկորդային շոգ ամառ է գրանցվել՝ հուլիսյան ուժեղ տապով: Սա, իհարկե, ազդում է ամբողջական զեկույցի վրա և մենք նաև Սուրբ ծննդից առաջ ականատես եղանք բավականին տաք աշնան և ձմեռվա սկզբի»:
Ինստիտուտի տվյալներով՝ անցյալ տարի Նորվեգիայում ջերմաստիճանը 1,5°C-ով բարձր է եղել սովորականից (համեմատած 1991-2020 թթ. միջին ցուցանիշի հետ) և 2,8°C-ով բարձր՝ նախաարդյունաբերական դարաշրջանի (1871-1900 թթ.) միջին ցուցանիշից:
«Մենք ակնկալում ենք, որ այն ջերմաստիճանները, որոնք տեսանք այս տարի (2025-ին), ապագայում ավելի հաճախակի կդառնան», — ասված է ինստիտուտի մեկ այլ հետազոտողի՝ Ամալյա Սկալևագի հայտարարության մեջ։
Հուլիսին Հյուսիսային Եվրոպայի մեծ մասը վերապրել է անսովոր շոգ, ինչի պատճառով Ֆինլանդիայի հարավ-արևելքում արտակարգ իրավիճակների ծառայությունները գերծանրաբեռնված են եղել, իսկ ֆիննական մունիցիպալիտետները իրենց սառցադաշտերը վերածել են բնակչության համար նախատեսված «հովացման ապաստարանների»։
Անցյալ ամիս Նորվեգիայի մեծ մասը Սուրբ ծունդը նշել է առանց ձյան, այդ թվում՝ մայրաքաղաք Օսլոն՝ հարավում և Տրոնհեյմը՝ հյուսիսում, որտեղ, ըստ բնակիչների, ջերմաստիճանը բարձրացել էր տոնի համար անսովոր 6 աստիճան Ցելսիուսի:
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Հյուսիսային ծովի մյուս ափին ևս 2025 թվականը գրանցվել է որպես ամենաշոգ տարի։



























