Եթե Հայաստանը Ադրբեջանին միջանցք տրամադրի, դա կլինի նրա վերջը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ալիևը հայտարարում է այն մասին, որ աշխարհում գործում է ուժի իրավունքը, իսկ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն, իսկ մենք՝ կրճատում։

Նա նկատել է, որ Բաքվում նույնպես ակտիվորեն քննարկում են Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը։

«Իշխանությունները ոչ մի ձայն չեն հանում ո՛չ Հայաստանի օկուպացված տարածքների, ո՛չ էլ ռազմագերիների մասին, թեև Փաշինյանը 2021 թվականին կոչ էր անում սպասել «ընդամենը մի քանի ամիս»։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Էրդողանը ասում է գնացեք Ադրբեջանցիների ասածները արեք, հետո նոր կգաք կխոսանք, մինչև չանեք՝ մենք իրար հետ խոսելու բան չունենք։

Ինչո՞ւ պետք է Փաշինյանը ընտրվի։ Ընտրվի, որ նոր տարածքներ տա՞։ Փաշինյանն արդեն հայտարարել է Ադրբեջանին նոր տարածքային զիջումների մասին։ Խոսքը Տավուշի մարզի և Տիգրանաշենի մասին է։ Իշխող կուսակցության ներսում նման քննարկումները շարունակվում են», - ընդգծել է Դանիելյանը։

Ըստ նրա կանխատեսումների՝ եթե Ադրբեջանն իր տնտեսական արմատները խորը մտցնի Հայաստանում, ապա մի քանի տարի անց Հայաստանն այլևս գոյություն չի ունենա։

Պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանը վերածել անկլավի՝ հիշեցնելով այն մասին, թե ինչպես էր Բաքուն շրջափակման ժամանակ անջատում Արցախի գազամատակարարումը։