Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը եւ «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունը հերքման պահանջ է հրապարակել Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ։

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի Մեսրոպ,

Ձեր կողմից սույն թվականի հունվարի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունեցած Ձեր օգտահաշվում հրապարակել եք տեսանյութ՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից» վերտառությամբ, որտեղ անդրադառնալով Գրիգոր Տեր-Ղազարյանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) գործունեությանը հրապարակել եք իրականությանը չհամապատասխանող, անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող փաստացի տվյալներ (statement օf fact)։

Մինչ անդրադառնալը Ձեր կողմից իրականացված զրպարտությանն ու դրա հետևանքներին, հարկ ենք համարում Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին՝

Յուրաքանչյուր անձ, որևէ փաստացի տվյալ հրապարակելիս պարտավոր է գործել բարեխիղճ՝ մասնավորապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները որպեսզի համոզվի իր կողմից ներկայացվող փաստացի տվյալների ճշմարտացիության մեջ, ապա բարեխղճորեն ներկայացնի դրանք՝ զերծ մնալով անձին զրպարտելուց, մինչդեռ, եթե Ձեր կողմից չցուցաբերվեր Գրիգոր Տեր- Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության գործարար համբավը, պատիվն ու արժանապատվությունն արատավորելու դիտավորություն, ապա Դուք հնարավորություն կունենայիք հանրությանը ներկայացնել իրականությանը համապատասխանող տվյալներ՝ զերծ մնալով ոչ ճշմարտացի փաստեր մատնանշելուց կամ դրանք խեղաթյուրելուց։

Ձեր կողմից հրապարակված փաստացի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում հետևյալ փաստերի հաշվառմամբ՝

  1. «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» քաղաքաշինական ծրագրի իրագործման իրավունքի շնորհման նպատակով դեռևս 2025 թվականի հունվարի 15-ին Երևան համայնքի կողմից հայտարարվել է բաց մրցույթ, որը հաղթել է «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվող կոնսորցիումը։ Կոնսորցիումի հետ նույն թվականի մայիսի 8-ին կնքվել է «Կասկադ մշակութային հանգույց» ծրագրի իրագործման իրավունքի տրամադրման և ծրագրի իրականացման պայմանագիր։
  2. Կոնսորցիումը մրցույթը հաղթել է «Կասկադ մշակութային հանգույց» ստեղծելու նպատակով 20 միլիարդ 48 միլիոն ՀՀ դրամ ներդրումային գին առաջարկելու արդյունքում։ Նշված ներդրումային արժեքը գերազանցել է նվազագույն ներդրումային արժեքը շուրջ 7,5 միլիարդ ՀՀ դրամով։
  3. Կասկադ մշակութային հանգույցը կառուցվելու է բացառապես մրցույցը հաղթած մասնակցի ֆինանսական միջոցներով, առանց Համայնքային միջոցների ներգրավման և առանց հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման։
  4. Կասկադ մշակութային հանգույցը կառուցվելու է Երևան համայնքին պատկանող հողամասի վրա՝ կառուցապատման իրավունքի համատեքստում։
  5. Չնայած այն հանգամանքին, որ Կասկադ մշակութային հանգույցը կառուցվելու է մրցույթը հաղթած մասնակցի ֆինանսական միջոցներով և կառուցված շենք, շինությունը փոխանցվելու է Համայնքին անհատույց, այնուամենայնիվ ընկերությունը վճարելու է նաև կառուցապատման իրավունքի վճար, որի չափը սահմանվել է ՀՀ օրենքով սահմանված կարգով (ՀՀ հողային օրենսգիրք և այլ վերաբերելի իրավական ակտեր)։

Վերոնշյալ փաստերը հերքում են Ձեր կողմից հրապարակած՝ իրականությանը չհամապատասխանող հետևյալ փաստացի տվյալները՝

⇒ Գրիգոր Տեր-Ղազարյանը 2 միլիոն դոլարի հաշվարկ չի արել

⇒ ՔՊ-ն «գրեֆ» է արել Գրիգոր Տեր-Ղազարյանին

⇒ Առանց մրցույթի «բան» է հանձնվել Գրիգոր Տեր-Ղազարյանի ընկերությանը

Վերոնշյալ փաստացի տվյալներից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է Գրիգոր Տեր-Ղազարյանի և Ընկերության պատիվը, արժանապատվությունը և գործարար համաբավը, ուստի վերոնշյալ

փաստերի ենթակա են հերքման Ձեր կողմից, իսկ հակառակ դեպքում նշված անձինք կդիմեն իրենց իրավունքների դատական պաշտպանությանը։

Պահանջ՝ անհապաղ  հերքել Ձեր կողմից սույն թվականի հունվարի 8-ին

«Ֆեյսբուք»  սոցիալական  ցանցում  ունեցած  Ձեր  օգտահաշվում  տեղադրված՝

«Լամբորջինի քշողին 2 միլիոն   … են անում մեր գրպանից» տեսանյութում հրապարակված բոլոր փաստերը»: