Վրաստանի Գարդաբանի մունիցիպալիտետի Քարաթաղլա գյուղում հարսանեկան խնջույքի ժամանակ սկսված վեճի հետևանքով չորս մարդ ծանր վիրավորվել է, մեկը՝ սպանվել, հաղորդում է Новости-Грузия-ն։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ի երեկոյան։ Ընդհարումը սկսվել է երկու միջին տարիքի տղամարդկանց միջև վեճից։

Ականատեսների վկայությամբ՝ թամադա Այդին Մամեդովը նկատողություն է արել հյուր Ֆաիլ Ալիևին՝ նրա վարքագիծը համարելով անընդունելի, ապա հարվածել է նրա դեմքին։ Վիրավորվելով՝ Ալիևը լքել է խնջույքը և որոշել վրեժ լուծել իրեն վիրավորողից։

Նա օգնության է կանչել որդուն և մյուս հարազատներին։ Շուտով բախումը վերածվել է գյուղի խնջույքի սրահի դիմաց լայնածավալ տուրուդմփոցի, որին, ականատեսների վկայությամբ, մասնակցել են տասնյակ մարդիկ։

Մամեդովներից արձագանք է ստացվել. Այդինը և նրա որդիները գնացել են Ալիևների տուն։ Այնտեղ նրանք հանդիպել են դիմադրության. երեք մարդ դանակահարվել է։

Ընդհարումն այդքանով չի ավարտվել։ Մամեդովներն իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել Ֆաիլ Ալիևին և նրա որդուն։ 50-ամյա տղամարդը մահացել է դեպքի վայրում։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է չորս կասկածյալների ձերբակալման մասին՝ 26-ամյա Է.Մ.-ն, 31-ամյա Մ.Մ.-ն, 55-ամյա Ա.Մ.-ն և 30-ամյա Է.Մ.-ն։ Հանցագործության մեջ մեղադրանք է առաջադրվել ևս երկու կասկածյալի, որոնք կձերբակալվեն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։

Հետաքննությունը տարվում է սպանության փորձի, բռնությամբ տուն ապօրինի մուտք գործելու և երկու կամ ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնության մեղադրանքներով։ Այդ հանցագործությունների համար նախատեսված է մինչև 20 տարի ազատազրկում։