Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են X սոցցանցի փակման հարցը այն պատկերների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք օգտատերերը ստեղծում են Grok չատ-բոտում։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի աղբյուրներին։
Ավելի վաղ Սթարմերը դիմել էր Ofcom մեդիա-կարգավորողին՝ սոցցանցի, որի սեփականատերը Իլոն Մասկն է, հանդեպ «բոլոր տարբերակները դիտարկելու» խնդրանքով։ «Դա հակաօրինական է։ Մենք դա չենք հանդուրժի։ Ես պահանջել եմ դիտարկել բոլոր հնարավոր տարբերակները»,- Սթարմերին մեջբերել է թերթը։
Նախազգուշացումը հնչել է Х-ի օգտատերերի՝ ԱԲ-ի օգնությամբ ստեղծած կանանց եւ երեխաների պատկերների ֆոնին։ Ձեւակերպելով հարցապնդումը՝ նրանք նեյրոցանցին խնդրում են մերկացնել լուսանկարի աղջկան։
Դիպֆեյքերի մեջ են մտել նաեւ Ուելսի արքայադստեր, կառավարության նախարարների, խորհրդարանի անդամների եւ հանրահայտ անձանց պատկերները։ Ինտերնետը վերահսկող բրիտանական կազմակերպությունը հայտնել է, որ դարքնետում գտել է նյութեր, որոնք պարունակում են երեխաների հանդեպ սեռական բռնության տեսարաններ։
Պարբերականի տեղեկացմամբ՝ վարչապետի գրասենյակը այդ պատկերների առնչությամբ ուղիղ դիմել է X-ին։ Անհայտ է, սակայն, թե արդյոք նրան պատասխանել են։
Այս շաբաթ Մասկը հայտնել է, որ «ցանկացած մեկը, ով Grok-ը կօգտագործի անօրինական կոնտենտ ստեղծելու համար, կբախվի նույն հետեւանքներին, ինչ եւ անօրինական կոնտենտ բեռնելու պարագայում»։



























