Սանկտ Պետերբուրգում բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների եւ միգրանտների միջեւ՝ շինարարական աշխատանքների շուրջ տարաձայնությունների ֆոնին։ Վեճի ժամանակ ագրեսիվ եւ այլատյացության կարգախոսներ են հնչեցվել, ներառյալ. «Պիտերը Բաքու չէ, դուրս կորեք քաղաքից», տեղեկացրել են ադրբեջանական թելեգրամ-ալիքները։
Ընդվզողները նշել են, որ միգրանտների մասնակցությամբ շինարարական ընկերություններն իբր քանդում են պատմական շենքերը, որոնք գտնվում են օրենքի պաշտպանության տակ։ Նրանց խոսքով՝ մի քանի տների քանդումից հետո դիմակայությունը վերաճել է բացահայտ կոնֆլիկտի։
«Բումագա» պարբերականի տվյալներով, որը հղում է կատարել շենքը պաշտպանող կանանց, միջադեպի ընթացքում ձերբակալվել է մոտ 19 մարդ։ Լրագրողները նշել են, որ ոստիկանական բաժանմունք է տարվել 12 մարդ, նրանցից չորսը՝ նացբոլ (նացիոնալ բոլշեւիկներ)։



























