Հունվարի 9-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով համատեղ հարված են հասցրել Կիեւին, տեղեկացրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Քաղաքի որոշ շրջաններում վնասվել են բնակելի շենքեր եւ կրիտիկական ենթակառուցվածքներ, էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումը խափանվել է։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել է չորս մարդ, 22 հոգի տուժել է, այդ թվում՝ հինգ փրկարար։ Բոլոր վիրավորները գտնվում են հիվանդանոցներում։
Կլիչկոն պարզաբանել է, որ զոհվածներից մեկը բժիշկ էր, որն օգնություն էր ցուցաբերում Դարնիցայի շրջանում տուժածներին։ «Դարնիցայի շրջանում, որտեղ անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքին, տեղի է ունեցել երկրորդ հարվածը։ Մեկ բժիշկ զոհվել է, մի քանի բուժաշխատողներ վիրավորվել են։ Նրանք բոլորը ժամանել են օգնություն ցուցաբերելու»,- ասել է քաղաքապետը։
Կիեւի Դեսնյանսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է տանիքին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել 18 հարկանի բնակելի շենքում։ Հրդեհ է բռնկվել նաեւ հինգ հարկանի բնակելի շենքում։
Դնեպրովսկի շրջանում դրոնի բեկորներն ընկել են մեկ հարկանի ոչ բնակելի շենքի տանիքին։ Բեկորների հետեւանքով հրդեհներ են առաջացել 16 հարկանի եւ ինը հարկանի բնակելի շենքերում: Հարվածային ալիքը մասամբ ոչնչացրել է եռահարկ բնակելի շենքի տանիքը:


























