Հայաստանում, 9 հազար 200 բաժանորդների փոխարեն Նոր տարվա գիշերը առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 13 հազար բաժանորդ։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը՝ այդպիսով հերքելով իշխանությունների ներկայացրած տվյալները։
Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում գրանցվել է 125 վթար։ Ղազինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ 2024-2025թթ․ դեկտեմբերի 31-ին գրանցվել է 15 վթար, որի արդյունքում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 6,7 հազար բաժանորդ։ Կեսգիշերին հոսանքազրկված բաժանորդների թիվը նվազել է մինչեւ 261։ «Իսկ 2025-2026թթ․ պաշտոնական հաշվետվությունը երբեք չի հրապարակվել»,- նշել է Ղազինյանը։ Նա նաեւ կասկած է հայտնել, որ նշված հաշվետվությունը կներկայացնի օբյեկտիվ տվյալներ եւ թվեր։
Դավիթ Ղազինյանի ունեցած տվյալների համաձայն՝ 2025թ․ դեկտեմբերի 31-ին եղել է 125 վթար, որոնք ազդել են 117 021 բաժանորդի վրա։ Ժամը 12:00-ի դրությամբ 13 399 բաժանորդ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի։
Հիշեցնենք, որ նախորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել էր էլեկտրաէներգիայի զանգվածային եւ երկարատեւ անջատումների մեղքը բարդել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին ղեկավարության վրա՝ պնդելով, որ ընկերությունը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները, մասնավորապես՝ մարզերում։ Սա՝ չնայած այն հանգամանքին, որ ամենաերկարատեւ անջատումները տեղի են ունեցել մայրաքաղաքում՝ Նոր տարվա տոների ժամանակ։ Մինչեւ խորհրդարանական ընտրությունները մնացել է հինգ ամսից էլ պակաս ժամանակ, Փաշինյանը, ինչպես եւ կանխատեսվում էր, լուրջ կասկածներ է հայտնել, որ այս ամենը «արվել է երկրում քաղաքական դժգոհություն առաջացնելու նպատակով՝ թաքնվելով երկրի կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկի հետեւում»։











