Հզոր փոթորիկ է տեղի ունեցել Ստամբուլում, որն իր հետ բերել է ուժեղ քամի, բարձր ալիքներ եւ ծովային հաղորդակցության զանգվածային խափանումներ, այն տարածվել է նաեւ Թուրքիայի արեւմտյան այլ նահանգներում։

Թուրքիայի պետական օդերեւութաբանական ծառայության նախազգուշացումներից հետո փոթորկոտ քամին սկսել է ուժեղանալ առավոտյան ժամերին, հատկապես Բոսֆորի նեղուցում եւ Մարմարա ծովում։

Բեշիքթաշի շրջանում բարձր ալիքները դուրս են եկել ափային գիծ՝ վտանգավոր պայմաններ ստեղծելով։

Ծովային փոխադրումները փաստացի կաթվածահար են եղել.  ծովում բարդ իրադրության պատճառով նավագնացությունն անհնար է դարձել։ Ուղեւորատար հաղորդակցությունը Բեշիքթաշ-Քադըքյոյ գծում դադարեցվել է, իսկ մի շարք լաստանավային երթուղիներում հայտարարվել են չվերթների բազմաթիվ չեղարկումներ։

Բաքըրքյոյում ծառն ընկել է չորս ավտոմեքենաների վրա, ինչի պատճառով երթեւեկության մի ուղղությունը ժամանակավորապես փակվել է։ Բահչելիէվլեր շրջանում մեկ այլ ծառ ընկել եւ վնասել է մի անցորդի, իշխանությունների տվյալներով՝ նա թեթեւ վնասվածքներ է ստացել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝  քամու արագությունը առանձին շրջաններում գերազանցել է 70 կիլոմետր/ժամը։

Վատ եղանակ է նաեւ Մարմարա եւ Էգեյան ծովերի ավելի լայն տարածաշրջանում։ Չանաքկալե հյուսիսարեւմտյան նահանգում ուժեղ քամին ստիպել է ժամանակավորապես դադարեցնել նավերի անցումը Դարդանելի նեղուցով, ինչպես նաեւ չեղարկվել են մի քանի լաստանավային չվերթներ։ Հարեւան Էդիրնեի նահանգում հորդառատ անձրեւները առաջացրել են տեղային հեղեղումներ։

Իզմիր արեւմտյան քաղաքում ձկնորսները մնացել են նավահանգիստներում փոթորկոտ քամու պատճառով՝ զբաղվելով նորոգման աշխատանքներով եւ սպասելով եղանակային պայմաների բարելավման։ Փոթորիկը հասել է նաեւ Սեւ ծովի ափեր. Սամսունում ուժեղ քամին տապալել է ծառեր, որոնք փակել են ճանապարհները։