2025թ. ամռանը Թեհրանի կենտրոնական հատվածում շահագործման է հանձնվել Սուրբ Մարիամ Աստվածածնի մետրոյի նոր կայարանը։
Իրանի կառավարությունը որոշել է ի նշան քրիստոնյաների հանդեպ հարգանքի` կայարանն անվանել Maryam-e Moghaddas (Սուրբ Մարիամ). Իրանում այդպես են անվանում Մարիամ Աստվածածնին։

«Հանուն Աստծո» գրությունը, որն ավանդաբար կա Թեհրանի մետրոյի բոլոր կայարանների մուտքի վերևում, այս կայարանում տարբերվում է մյուսներից, քանի որ գրված է նաեւ հայերեն, անգլերեն, արաբերեն և արամերեն:


Կայարանի հարթակներից մեկում Ղուկասի Մարիամի ավետումից մի հատված է՝ գրված նաեւ հայերեն։

Հայկական այս անկյունում ցուցադրված է նաեւ «Քրիստոսը ղադրի գիշերում» գիրքը, որում ներկայացված են իրանաիրաքյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Իրանի հոգևոր առաջնորդի` իրանահայ նահատակների ընտանիքների հետ ունեցած հանդիպումների մանրամասները:


Կայարանը գտնվում է Իրանի մայրաքաղաքի հայ համայնքի գլխավոր հոգևոր կենտրոններից մեկի՝ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում։
Մայրաքաղաք Թեհրանում հայկական 9 գործող եկեղեցի կա, որոնցից գլխավորն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս մայր եկեղեցին է։ Այն օծվել է ավելի քան 50 տարի առաջ և մինչեւ օրս համայնքին միավորող կենտրոն է։

Թեհրանի Մայր Եկեղեցում տարիներ առաջ բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել՝ կին սարկավագ է ձեռնադրել, որը մինչեւ օրս հոգևոր ծառայություն է մատուցում։

Թեհրանում նաև հայ կաթողիկե թեմ է գործում, որի կենտրոնը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ հիմնադրված 1954 թվականին։

Իրանում Թեհրանի թեմից զատ առաքելական ևս երկու թեմ կա՝ Ատրպատականի և Սպահանի. բոլորն էլ ժամանակին պատկանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, սակայն 1958 թվականից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ենթակայության տակ են։











