Հնդկաստանի Կարնատակա նահանգի երեք նախարարներ լքել են պաշտոնը` պետական նիստի ընթացքում պոռնոգրաֆիական բովանդակությամբ տեսանյութ դիտելու պատճառով:

Տեղի լրատվամիջոցները տեսագրություն են ցուցադրել, որտեղ երեւում է, թե ինչպես է նախարարներից մեկը բջջային հեռախոսով պոռնոհոլովակ դիտում, ինչից հետո այն ցույց է տալիս գործընկերոջը:

Բոլոր երեքն էլ Բհարաթիա Ջանաթա (Հնդկական ժողովրդական կուսակցություն) կուսակցության աջ թեւից են, որն արդեն քննադատել է նախարարների վարքը` այն ամոթալի անվանելով: Նախարարները մեղադրանքները հերքում են, բայց հրաժարական են տվել, որպեսզի սկանդալը չանդրադառնա իշխող կուսակցության վրա: 

Նախարարներից մեկը կառավարությունում պատասխանատու էր կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության համար: Ըստ նրա` պետական նիստի ընթացքում իրենք պոռնոհոլովակ չեն նայել, այլ տեսագրություն, որը պատկերել է երեկույթներից մեկի ժամանակ տեղի ունեցած դեպքը:

Խոսքը գնում է մի կնոջ բռնաբարության մասին, եւ նախարարները պատրաստվել են քննարկել նահանգում նման միջոցառումների վնասակար հետեւանքների թեման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: