Շենքը 2023 թվականի դեկտեմբերին դեռ պետք է հանձնվեր շահագործման: Հիմա 2026 թվականն է, շենքը դեռ պատրաստ չի: Շենքի կառուցապատողը «Շինաս» ՍՊԸ-ն է: Ասում են, որ սեփականատեր Տիգրան Նազարյանը երկրից բացակայում է, բայց դա հարցի լուծում չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի շահառուներից Արման Թովմասյանը:

Արման Թովմասյանի խոսքով Լենինգրադյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի համալիրի շենքը քանդված վիճակում է բնակարանների դռներից սկսված, ջրի խողովակները տրաքել են տոնական օրերին, բոլոր մասնաշենքերի միջանցքները ջրի մեջ կորած են, շենքի երեսպատման արտաքին սալիկները պոկվում ու թափվում են արդեն 2-րդ անգամ, իսկ կառուցապատողը ոչինիչ չի անում:

1343b08d-e4b7-46c3-a64d-271eb5f28aa9.jpg (181 KB)

«Արդեն 2 տարի իրենք ուշացրել են շենքի շահագործումը, շատ մարդիկ վարձով են ապրում, չեն կարողանում շենք տեղափոխվել, քանի որ անվտանգ չի: Նամակներ ենք ուղարկել թե՛ քաղաքապետարան, թե՛ տեսչական մարմին, քանի որ ուզում ենք գան և ստուգեն շենքի շինթույլտվության իրավունքը և պարտադրեն, որ կառուցապատողը թերությունները վերացնի, սակայն պատասխան դեռ չկա:

Կառուցապատողը բնակիչներից 1 քառ. մետրը 250 դրամով հաշվարկված գումար է պահանջում սպասարկման համար, բայց 4 վերելակից միայն մեկն է աշխատում: Եթե հարցը լուծում չստանա, կգնանք բոլոր գերատեսչություններ, ընդհուպ Կառավարություն»,- ասաց Արման Թովմասյանը:

6ac237ad-2267-4e13-943a-caadabeac214.jpg (42 KB)

Հիշեցնենք, որ բնակարանների շահառուները օգոստոսի 16-ին բողոքի ակցիա էին իրականացրել Լենինգրադյան 27/7 հասցեում գտնվող բնակելի համալիրի դիմաց։