Օրերս ադրբեջանական ANS հեռուստաընկերության եթերում կազմակերպված «Նորագույն պատմություն» հաղորդման նկարահանումների ժամանակ աղմկահարույց միջադեպ է գրանցվել: Հաղորդման մասնակիցների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով նկարահանումները դադարեցվել են:

Հաղորդման քննարկման թեման է եղել «Իրանի եւ Ադրբեջան հարաբերությունները Ադրբեջանի անկախացման շրջանում», որին հրավիրված են եղել նաեւ Աբուլֆազ Էլչիբեյի շրջանում վարչապետի պաշտոնը զբաղեցրած Փանահ Հուսեյնը եւ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Էշֆեր Սուլեյմանին: Նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել` կապված Էլչիբեյի ղեկավարման շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետ: Հաղորդավար Միր Շահինը խոսք է բացել այն մասին, որ Սուլեյմանիի դիվանագիտական առաքելության կատարման ժամանակ իրանա-ադրբեջանական հարաբերությունները հաճախ գնահատվել են որպես սառը պատերազմ: Նախկին դեսպանը նշել է, որ Էլչիբեյը իսկապես Իրանի հանդեպ շատ կոշտ քաղաքականություն էր վարում, որը լուրջ խնդիրներ էր հարուցել երկու երկրների հարաբերություններում: Այդ պահին նախկին վարչապետ Հուսեյնը բարկացած սկսել է բղավել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լավագույն ժամանակաշրջանը հենց Էլչիբեյի կառավարման տարիներն են եղել: Սուլեյմանին ընդդիմացել է եւ նրան հիշեցրել, որ երբ վերջինս իր դիվանագիտական առաքելության կատարման շրջանում եկել էր Իրան, նրանք խոսել են, որ Էլչիբեյը սառը հարաբերություններ ունի Իրանի ղեկավարության հետ: «Երբ խոսում էինք այդ հարաբերությունների պատճառների մասին, Դուք նման պատասխան տվեցիք ինձ` Աբուլֆազ Էլչիբեյը պատմաբան է, նա քաղաքական գործիչ չէ»,-ասել է նախկին դեսպանը:

Այդ խոսքերը հունից հանել են Փանահ Հուսեյնիին, ով գազազած հարձակվել է Սուլեյմանիի վրա: Հաղորդավարը փորձել է հանգստացնել Հուսեյնիին` խոստանալով, որ այդ խոսքերը եթեր դուրս չեն գա: Այդ խոսքերը չեն մեմղել Հուսեյնիի կատաղությունը, ուստի հաղորդավարը պահանջել է դադարեցնել նկարահանումները:

Ավելի ուշ հաղորդավար Միր Շահինը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ եթերում նման անախորժ իրավիճակ է ստեղծվել, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ բանավեճեր անցկացնելու մշակույթում:

Նշենք, որ այդ սկանդալային հաղորդումը եթեր է հեռարձակվելու փետրվարի 9-ին: